ՀՊՏՀ-ում մեկնարկեցին «Էրասմուս +» ծրագրի տեղեկատվական օրերը

Դիտումների քանակ՝ 1997

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկեցին Հայաստանում «Էրասմուս +» ծրագրի   ազգային գրասենյակի կազմակերպած   «Էրասմուս +» ծրագրի  տեղեկատվական օրերը, որին ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, Հայաստանում «Էրասմուս +»-ի ազգային գրասենյակի տնօրեն Լանա Կառլովան, ԵՄ հայաստանյան պատվիրակության համագործակցության բաժնի փոխտնօրեն Գրեգորի Ցուրիսը, ՀՊՏՀ դեկաններ,  պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ:  Հանդիպմանը ներկայացվեց ծրագրի Հիմնական գործողություն 1-ը (Միջազգային կրեդիտային շարժունություն և «Էրասմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագրեր):

Միջոցառման ներկաներին ողջունեց ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, ապա խոսքը տրամադրեց ռեկտոր Կորյուն Աթոյանին:   Շնորհակալություն հայտնելով՝ «Էրասմուս +»-ի  ազգային գրասենյակին՝ միջոցառումը մեր համալսարանում անցկացնելու համար՝ ռեկտորը հպարտորեն նշեց, որ այս կարճ ժամանակահատվածում մեր համալսարանը «Էրասմուս +»-ի Գործողություն մեկի շրջանակներում կարողացել է որոշակի հաջողություններ արձանագրել:

«Այսօր համալսարանների միջազգայնացման ճանապարհին իր ուրույն տեղն է զբաղեցնում ուսանողների և աշխատակիցների շարժունությունը: Այն իր որոշիչ դերն ունի համալսարանների վարկանիշավորման մեթոդաբանությունում: Եվ քանի որ մեր համալսարանի համար միջազգայնացումը կարևորագույն ուղղություններից մեկն է, մենք ևս անմասն չմնացինք այս գործընթացից, որը, թեև դժվար էր, բայց կարևոր: Արդյունքում մենք գտանք գործընկեր համալսարաններ, որոնք պատրաստ են համագործակցել ՀՊՏՀ-ի հետ»,-իր ելույթում նշեց Կորյուն Աթոյանը: Ռեկտորի ամբողջական ելույթին ծանոթացեք այստեղ:

Այնուհետև ելույթ ունեցավ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ շեշտելով, որ «Էրասմուս +»-ի  երևանյան գրասենյակն այս տարիների ընթացքում  հսկայական աշխատանք է իրականացրել, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել մեր կրթական համակարգի շատ ակտիվ մի հատվածին դուրս բերել միջազգային համագործակցության դաշտ: Նախարարը կարևորեց, որ շարժունության ծրագրի մասնակիցն իր հետ բերի ծրագրի մասին անհրաժեշտ տեղեկատվություն, որը անհրաժեշտ է բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման գործում: «Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները շատ կարևոր են, և քանի որ այդ բարեփոխումների կրողները ուսանողներն են, պետք է կարողանան ներդնել իրենց գիտելիքներն ու տեղեկատվությունը»,- մասնավորապես շեշտադրեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Այնուհետև ելույթ ունեցան Հայաստանում «Էրասմուս +»-ի ազգային գրասենյակի տնօրեն Լանա Կառլովան՝ նշելով, որ թեև  ծրագիրը զարգացման ճանապարհ է անցել և այսօր արդեն 183 երկիր ծրագրի գործընկերն է, այդուհանդերձ խնդիրները շատ են ինչպես համագործակցության առումով, այնպես էլ կրթական համակարգում: ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի փոխտնօրեն Գրեգորի Ցուրիսը ներկայացրեց ծրագրի բովանդակությունը, ուղղություններն ու ընձեռած հնարավորությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին