Գործնական գիտելիքների ամրապնդումը շարունակվում է. բաց դաս՝ հրավիրված մասնագետի բանախոսությամբ

Դիտումների քանակ՝ 1482

Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դոցենտ Նորայր Սաֆարյանի նախաձեռնությամբ  բաց դասերի շարքը ֆինանսական ֆակուլտետում շարունակվում է:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  համապատասխան թեմաների ուսումնասիրությանը զուգահեռ, դասերը վարում են ֆինանսական  տարբեր կազմակերպություններից հրավիրված մասնագետներ: Այսօր մեր համալսարանում էր ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի պահանջները քննող մասնագետ Աշոտ Ղոչիկյանը, ով բանախոսեց  Ֆինանսներ մասնագիտության 3-րդ և բանկային գործ մասնագիտության 4-րդ կուրսերի ուսանողների համար: Մասնագետը ներկայացրեց գրասենյակի առաքելությունը, գործառույթները, վեճերի լուծման համար դիմելու ընթացակարգը,  քննարկեց մի քանի դեպք, երբ ֆիզիկական անձինք դիմել են հաշտարարի գրասենյակին և ստացել համապատասխան օգնություն:

Շեշտադրվեց՝ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է, և  նպատակն է  ֆինանսական ոլորտում ֆիզիկական անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունը, նրանց պահանջների արագ, արդյունավետ, անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը: Բանախոսության ընթացքում հյուրը պատասխանում էր նաև ուսանողների հարցերին:

Մեզ հետ զրույցում Աշոտ Ղոչիկյանը նշեց՝ այսօրվա դասի հիմնական հաղորդագրությունն այն էր, որ ապագա տնտեսագետն  իմանա, որ կա կառույց, որն անվճար է լուծում ֆինանսական տարբեր կազմակերպությունների (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ և այլն) և ֆիզիկական անձանց միջև ծագած գույքային վեճերը: Ընդ որում, մասնագետն  ընդգծեց՝ հասարակության մեջ թյուր կարծիք կա, որ եթե ծառայությունն անվճար է՝ որակյալ լինել չի կարող: Հակադրվելով է այս համոզմունքին՝ Աշոտ Ղոչիկյանը հավաստիացնում է՝ հաշտարարի գրասենյակը հավուր պատշաճի է լուծում  գույքային վեճերը և ֆիզիկական անձի կողմից փաստաբանի դիմելու անհրաժեշտություն չի լինում. ամեն ինչ հոգում է գրասենյակը:

Գիտելիքների ամրագրման տեսանկյունից գործնական ոլորտի մասնագետների վարած դասերը կարևորում են ոչ միայն դասախոսները, այլև ուսանողները:

«Որպես ուսանող՝ բարձր եմ գնահատում մասնագիտական բաց դասերի դերն ուսումնառության մեջ, քանի որ դրանք մեզ են փոխանցում գործնական գիտելիքներ և օգնում են ավելի լավ պատկերացնել մեր մասնագիտական ոլորտի առավելություններն ու թերությունները», -մեզ հետ զրույցում ասաց ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մարինե Ավետիսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին