«PEOPLE» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ում իրականացվել է միջազգային աուդիտ

Դիտումների քանակ՝ 1825

Տեմպուսի «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» («PEOPLE») ծրագրի շրջանակներում երեկ  մեր համալսարանում իրականացվել է միջազգային աուդիտ: Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնից:

ՀՊՏՀ-ում հյուրընկալվել էին ծրագրի համակարգող՝ առաջատար աուդիտոր  Ալիսիա Բեռլանգան (Իսպանիա, Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարան), աուդիտորներ Մարտա Պայլը և Ալեքսանդրա Սեվինատե Պոնտեսը  (Պորտուգալիա, Բարձրագույն տեխնիկական համալսարան), ովքեր և իրականացրել են  աուդիտը: Աուդիտի անցկացմանը մասնակցություն է ունեցել նաև ծրագրի գործընկեր, Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Լոտտա Գուստավսսոնը:

ՀՊՏՀ-ից աուդիտի իրականացմանը  անմիջականորեն  մասնակցել են  ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ծրագրի համակարգող, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, ծրագրի հետազոտողներ՝ անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը և որակի ապահովման բաժնի առաջատար մասնագետ Անի Բաղդասարյանը, ներկա են գտնվել նաև անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Ներկարարյանը և առաջատար մասնագետ Մելինե Սարգսյանը:

Աուդիտի ընթացքում հանգամանորեն ուսումնասիրվել են  համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականությունը, ռազմավարությունը, գործող իրավական ակտերը, անձնակազմի կառավարման բաժնի աշխատակիցների գործառույթները, կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները և այլն:

Աշխատանքների ավարտից հետո աուդիտորական խումբը բարձր գնահատական է տվել ՀՊՏՀ-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին