Կայացավ գիտական խորհրդի 2016-2017 ուստարվա առաջին նիստը՝ հագեցած օրակարգով

Դիտումների քանակ՝ 1462

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ գիտական խորհրդի այս ուսումնական տարվա առաջին նիստը՝ գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ: Նիստի օրակարգային առաջին երկու հարցերը՝ 2015-2016 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի, ինչպես նաև ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքները, զեկուցեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը: Տվյալ կիսամյակում առկա ուսուցման բակալավրիատի 1-3-րդ կուրսերում ուսման առաջադիմությունը հիմնական քննաշրջանից հետո կազմել է 79,3 տոկոս, առկա ուսուցման մագիստրատուրայի առաջին կուրսում առաջադիմությունը կազմել է 78 տոկոս, հեռակա բակալավրիատի 1-4-րդ կուրսերում՝ 39,6 տոկոս, հեռակա մագիստրատուրայում՝ 65,2 տոկոս:

Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքները հետևյալն են՝ առկա ուսուցման բակալավրիատում դրական գնահատականով պաշտպանվել է 1199 ավարտական աշխատանք, հեռակա բակալավրիատում՝ 229: Առկա մագիստրատուրայում առաջադիմությունը կազմել է 98,2 տոկոս: Զեկուցումից հետո մատնանշվեցին ի հայտ եկած թերությունները, տրվեցին հանձնարարականներ: Գիտխորհուրդը երկու որոշումներն էլ հաստատեց: Մրցութային հանձնաժողովի նախագահ, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սուրեն  Գևորգյանը ներկայացրեց 6 թեկնածուների, որոնք դիմել են դոցենտի գիտական կոչում ստանալու համար: Գիտխորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ հաստատեց բնօգտագործման տնտեսագիտության ասիստենտ Սևակ Խաչատրյանին, կառավարման ամբիոնի ասիստենտ Սարգիս Ասատրյանցին, ֆինանսների ամբիոնի ասիստենտ Հովիկ Գրիգորյանին, մարքեթինգի ամբիոնի ասիստենտներ Գևորգ Պապոյանին և Վադիմ Գրիգորյանին, հակաճգնաժամանային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի ասիստենտ Ամալյա Մանուկյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու հարցը:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց գիտական խորհրդի 2016-2017 ուսումնական տարվա առաջին կիսամյակի աշխատանքային պլանը, որը հաստատվեց: Ռեկտորը ներկայացրեց նաև գիտական խորհրդին կից համալսարանական հանձնաժողովներ ստեղծելու մասին հարցը և արդյունքում որոշվեց ստեղծել գիտխորհրդին կից համալսարանական 3 հանձնաժողով՝ ուսումնամեթոդական, մրցութային և հրատարակչական:

Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց  «Ուսանողի ուղեցույցի» հրատարակությունը երաշխավորելու մասին հարցը, որը նույնպես հաստատվեց:

Գիտխորհուրդը հաստատեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ, ինչպես նաև հրատարակության երաշխավորեց կառավարման ամբիոնի դոցենտ Խորեն Մխիթարյանի «Բանկային մենեջմենթի արդի հիմնախնդիրները» մենագրությունը:

Նիստի ավարտից հետո ՀՊՏՀ  ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հորդորելով ներկաներին, որպես տնտեսագիտական համալսարանի գիտնականների, առավել ակտիվ լինել Կառավարության ծրագրի և տնտեսական հիմնախնդիրների քննարկման ժամանակ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին