Բաց դաս ՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետում
ՀՊՏՀ-ում այսօր հյուրընկալվել էր ներդրումային պորտֆելի անկախ կառավարիչ և ներդրող Սմբատ Ռոստոմյանը, ով միջազգային արժութաֆինանսական հարաբերություններ մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսում վարեց «Ներդրումային ռազմավարությունը միջազգային ֆինանսական շուկաներում» առարկայի դասը: Բաց դասին ներկա էին միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ղեկավար Գրիգոր Նազարյանը, նշված առարկայի դասախոս Աննա Փախլյանը, ով և նախաձեռնել էր հանդիպումը, ՄՏՀ ամբիոնի ասիստենտ Արա Մկրտչյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ Վահան Բաբայանը: Սմբատ Ռոստոմյանն անդրադարձավ միջազգային ֆինանսական շուկաներում ֆինանսական ֆունդամենտալ վերլուծությունների և կանխատեսումների առանձնահատկություններին, միջազգային ֆինանսական շուկաների հիմնական գործառնություններին:
Բանախոսը ներկայացրեց ֆինանսական շուկաների տրենդների (ուղղությունների) վերաբերյալ վիճակագրական տվյալներ, իր փորձից ներկայացրեց օրինակներ, հարցադրումներ և պատասխանեց ուսանողների հարցերին:
Աննա Փախլյանը մեզ հետ զրույցում, նշելով բաց դասի անցկացման նպատակը, ասաց, որ Սմբատ Ռոստոմյանը hամաշխարային ներդրողների հերթական մրցույթում (World Top Investor առաջնության 7-րդ մրցաշար) այս շաբաթ զբաղեցրել է առաջինից երրորդ հորիզոնականները (ցուցանիշները փոխվում են ամեն օր): «Կարծում ենք, որ հրավիրյալ դասախոսն իր փորձով ամբողջական պատկերացում տվեց դասավանդվող առարկայի տեսական գիտելիքների կիրառելիության մասին և աջակցեց համաշխարային ֆինանսական շուկաներում իրականացվող գործարքների վերաբերյալ գործնական գիտելիքների ձեռքբերմանը»,-ամփոփեց Աննա Փախլյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին