ՀՊՏՀ ուսանողների համար բանախոսեց Կենտրոնական բանկի ներկայացուցիչը

Դիտումների քանակ՝ 1745

ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուիդիտի ամբիոնի դոցենտ Վահան Բաբայանի հերթական նախաձեռնությամբ  մեր համալսարանում երեկ՝ օրվա ավարտին, հյուրընկալվել էր ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության վերահսկող, տ.գ.թ. Նարեկ Խուբլարյանը:

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի  մի խումբ ուսանողների համար  կազմակերպված բաց դասին ներկա էին կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի ղեկավար Լիանա Գրիգորյանը և նշված ֆակուլտետի դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը:

ԿԲ ներկայացուցիչը պարզաբանեց ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքների էությունը և գործունեության առանձնահատկությունները, ապա ներկայացրեց վերահսկողության էությունը և աուդիտի դերը կառավարման համակարգում: Անդրադարձ կատարվեց ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման պատմությանը, նշվեց, որ 2006թ.-ից ի վեր ֆինանսական ենթակառուցվածքների վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը: Մասնավորապես, ԿԲ-ն վերահսկողությունն իրականացնում է 2՝ հեռակա ստուգումների և տեղերում ստուգումների ձևով: Նարեկ Խուբլարյանը որպես վերահսկողական նոր գործառույթ դիտարկեց սպառողների շահերի պաշտպանությունը, որը թույլ չի տալիս, որ ֆինանսական կազմակերպությունները  խախտեն սպառողների իրավունքները:

Հանդիպման ավարտին բանախոսը պատասխանեց ուսանողների հարցերին:

Դասախոս Վահան Բաբայանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ հրավիրյալ մասնագետն իրեն վերապահված գործառույթներով իրականացնում է հայաստանյան  ֆինանսական կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն և նրա գործնական  հարուստ փորձը ուսանելի է ուսանողների համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին