Գործնական դաս՝ «Արմենիա Վայն» գինու գործարանում. հաճելիի և օգտակարի զուգակցում

Դիտումների քանակ՝ 1850

Համալսարանի կառավարման ֆակուլտետի զբոսաշրջության կառավարում մասնագիտության ուսանողները,  «Սննդի ծառայությունների կազմակերպում» առարկայի շրջանակներում, հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի  դասախոս, տնտեսագիտության թեկնածու Ստեփան Մանթարլյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 10-ին այցելել են  «Արմենիա Վայն» գինու գործարան, որը գտնվում է Հայաստանի խաղողագործական շրջաններից մեկում՝ Արագածոտնում:

Մշակութաբան Սյունե Բարսեղյանի ուղեկցությամբ ուսանողներին  հնարավորություն է տրվել այցելելու գործարանի  մասնաշենքները, քայլ առ քայլ ծանոթանալու արտադրության փուլերին`խաղողի մշակումից մինչև գինու ստացում: Այնուհետև կատարվել է կարմիր և փրփրուն գինիների համտեսում՝ հատուկ մասնագիտացված համտեսի սրահում:

Ուսանողներին սովորեցրել են, թե ինչպես պետք է  համտեսել գինին և ինչպես նկարագրել ու ներկայացնել այն:
Մեզ հետ զրույցում Ստեփան Մանթարլյանը նշեց, որ դասընթացի շրջանակում սա առաջին այցելությունն էր արտադրական ընկերություն և տեսական գիտելիքների ամրապնդման համար գործնական, ուսուցողական կարևոր նշանակություն ունեցավ:

«Հատուկ շնորհակալություն «Արմենիա Վայն» ընկերության ղեկավարությանը՝  նման հնարավորություն ընձեռելու համար: Իրոք, օգտակար ու անչափ հետաքրքրիր էր այցելել մի գինեգործարան, որտեղ բազմադարյա պատմություն ունեցող հայկական գինեգործության ավանդույթներն ու փորձը զուգակցվում են ժամանակակից մոտեցումների հետ և առաջարկում բարձրորակ արտադրատեսակներ»,- ասաց Ստեփան Մանթարլյանը՝ հույս և ցանկություն հայտնելով, որ արտադրությունում անցկացված նման գործնական դասերը շարունակական կլինեն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին