ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ՀՊՏՀ աշխատակիցներին շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առիթով
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը Հայ մամուլի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՊՏՀ աշխատակիցներին, որը ներկայացնում ենք ստորև:
Հայ մամուլի մեծ ու բազմանդամ ընտանիքում երեկ, սիրելի գործընկերներ, կրկին տոն էր, կրկին բոլորիս առիթ էր ընձեռված հիշելու և հիշեցնելու մեր զավակներին ու սաներին, որ 1794 թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում ավագ քահանա Հարություն Շմավոնյանը, հրատարակելով «Ազդարար» ամսագիրը, դարձավ հայկական լրագրության հայրը: Դառնալով հայ մամուլի պատմության ու գոյության հիմքը՝ «Ազդարարն» արծարծում էր քաղաքական, հասարակական, բարոյական, մշակութային բազմաթիվ հարցեր: Հայ ժողովրդի հոգևոր կյանքում այդ պատմական ու շրջադարձային փաստի առիթով ՀՀ Կառավարությունը 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը մեր տոնացույցում ամրագրեց որպես Հայ մամուլի օր:
Այսօր էլ հայկական թերթեր ու պարբերականներ են լույս աշխարհ գալիս աշխարհի տարբեր ծայրերում, այսօր էլ անխոնջ ու նվիրյալ մամուլի աշխատողները իրենց ներդրումն են բերում հայ մամուլի շարունակականության ճանապարհին:
Այդ մեծ ընտանիքում իր համեստ, բայց և կարևոր ավանդն են ներդնում բուհական պարբերականների աշխատակազմերը: Մեր համալսարանում այդ գործը պատվով են կատարում լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից լույս ընծայվող «Տնտեսագետ» ամսագրի, ինչպես նաև «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի խմբագրակազմերը, գիտահրատարակչական ու արտադրական բաժինների աշխատակիցները, որոնք լրագրողական, խմբագրական ու տպագրական գործունեության բոլոր փուլերում ապահովում են արդյունավետություն ու բարձր որակ:
Սիրով ու սրտանց շնորհավորում եմ մեր աշխատակիցների տոնը, մաղթում եմ աշխատանքային հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:
Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ