«Հաջողությունը օրինաչափությո՞ւն է, թե՞ պատահականություն» խորագրով սեմինար ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1646

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր «Հաջողությունը օրինաչափությո՞ւն է, թե՞ պատահականություն» խորագրով սեմինար, որը վարում էր ՀՊՏՀ շրջանավարտ, «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր, գործարար Գրիգոր Առաքելյանը: Սեմինարը հետաքրքրել էր հարյուրավոր ուսանողների, ինչպես նաև բուհի աշխատակիցների: Սեմինարի  հյուրն էր «MYbookstore» գրախանութի հիմնադիր Լևոն Ստեփանյանը, ով մեր ուսանողն է. գրախանութը սեմինարի ակտիվ մասնակիցներին նվիրեց գրքեր:

Օրինաչա՞փ է արդյոք հաջողությունը հարցադրոմից սկսելով՝ Գրիգոր Առաքելյանը ներկայացրեց իր փորձը: Հաջողությունը անհատի ենթագիտակցության մեջ է և դրան հասնելու համար պետք է ունենալ դրական համոզմունք. սա էր բանախոսության առանցքը: Ընդգծվեց, որ ենթագիտակցությունը համոզմունքը կյանքի կոչելու հակում ունի: Հետաքրքրական էր բանախոսի այն տեսակետը, որ մեր գործողությունների 80 տոկոսը կատարում ենք ենթագիտակցական մակարդակում, 20-ը՝ գիտակցական: Հաջողության համար պետք է նաև վերանայել սեփական քայլերը, կատարել այն, ինչը արդյունք է ապահովում:

Սահմանել հստակ  նպատակ, ապա որոնել դրան հասնելու ուղիները՝ ենթագիտակցության մեջ ամրագրելով այն գաղափարը, որ հաջողությունը կախված է հենց քեզնից: Գրիգոր Առաքելյանը հաջողության հասնելը դիտարկեց առավելապես հոգեբանական տեսանկյունից՝ կարևորելով  դրական տրամադրվածությունն ու լավատեսությունը: Բանախոսը ներկայացնում էր հետաքրքքիր օրինակներ և ցույց տալիս, որ հաջողությունն իրապես ժպտում է լավատեսներին:

Նշենք, որ Գրիգոր Առաքելյանը մեր բուհում հաճախ է հյուրընկալվում և նրա բանախոսությունները ոգեշնչում ու մոտիվացնում են մեր ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին