ՀՊՏՀ գրադարանում կայացավ հանդիպում «Գործարար էթիկայի հիմունքներ» գրքի հեղինակի հետ

Դիտումների քանակ՝ 3232

ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ  այսօր ՀՊՏՀ Մուշեղ Ադոնցի անվան գիտական ընթերցասրահում կազմակերպվել էր  հանդիպում՝ «Գործարար էթիկայի հիմունքներ» գրքի հեղինակ Թամարա Ավանեսյանի հետ: Միջոցառմանը ներկա էին գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սարգսյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ղեկավար, դոցենտ Գրիգոր Նազարյանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Հայրապետյանը, գրադարանի աշխատակիցներ, ուսանողներ, ասպիրանտներ:

Թամարա Ավանեսյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ գրքում ներկայացված են գործարար հաղորդակցության գործընթացներում էթիկայի և վարվելակերպի կանոններին առնչվող գործնական հարցերի մի շարք պատասխաններ: Անդրադարձ է կատարվել գործարար էթիկայի էությանն ու կիրառությանը, սկզբունքներին, գործարար կնոջ իմիջին, գործատու-աշխատող հարաբերությունների բարոյական սկզբունքներին:

Գրքի ներկայացումից հետո ծավալվեց քննարկում՝ բիզնեսի և բարոյականության սահմանագծին, էթիկայի և էթիկետի առանձնահատկություններին առնչվող հարցերի շուրջ: Արամ Սարգսյանն ու Սարգիս Հայրապետյանը «Գործարար էթիկայի հիմունքներ» գրքի վերաբերյալ կարծիք հայտնեցին, որ այն ավելի շատ առնչվում է գործարարի էթիկետին (վարվելակարգ), քան էթիկային (բարոյագիտություն):

Ուսանողները գրքի հեղինակին ուղղեցին իրենց հարցերը՝ հետաքրքրվելով, օրինակ, թե գործարարի էթիկետը ներկայացնելիս  նկատի առնվե՞լ են հայ ազգի հատկանշական գծերը, մտակերտվածքը (մենթալիտետը):

Մեզ հետ զրույցում Արմինե Հովհաննիսյանն ասաց, որ հաշվի առնելով ուսանողների հետաքրքրությունները՝ ՀՊՏՀ գրադարանում կազմակերպվում են հեղինակների հետ հանդիպումներ, որի ժամանակ ներկայացվում և քննարկվում են նրանց գրքերը (որպես կանոն՝ նոր հրատարակությունները):

Նշենք, որ «Գործարար էթիկայի հիմունքներ» գիրքը հասանելի է ՀՊՏՀ գրադարանում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին