Տնտեսագիտության բնագավառի Նոբելյան մրցանակը շնորհվել է պայմանագրերի տեսության զարգացման համար
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Օլիվեր Հարտին ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Բենգտ Հոլմստրեմին։
Մրցանակը շնորհվել է պայմանագրերի տեսության զարգացման գործում նշանակալի ներդրման համար։
Պայմանագրերի տեսությունն ուսումնասիրում է տնտեսական սուբյեկտների միջև պայմանագրային հարաբերությունները և դրանց կազմման հիմնախնդիրները: 2016 թվականի դափնեկիրները մշակել են պայմանագրերի վերլուծության և առանձնահատկությունների կառուցման համընդգրկուն հենք: Օլիվեր Հարտն այս տեսության առանձին դրույթների վրա աշխատել է դեռևս անցյալ դարի 80-ական թվականներին:
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։
Գիտնականները Շվեդիայի բանկի կողմից կստանան ութ միլիոն շվեդական կրոն:
Ի դեպ՝1969 թվականից սկսած ՝ տնտեսագիտության բնագավառում 47 մրցանակ է շնորհվել, որից 24-ի դեպքում դափնեկիր է դարձել 1, 17-ի դեպքում՝ 2, 6-ի դեպքում՝ 3 հավակնորդ: Ընդհանուր առմամբ շնորհվել է 76 անհատական մրցանակ:
Հիշեցնենք՝ 2015 թ. տնտեսագիտության բնագավառի Նոբելյան մրցանակը, սպառողականության, աղքատության և բարեկեցության վերլուծության համար, շնորհվել է անգլո-ամերիկացի տնտեսագետ, Վ. Վիլսոնի դպրոցի և Փրինստոնի համալսարանի տնտեսագիտության և միջազային հարաբերությունների պրոֆեսոր Էնգուս Դիտոնին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին