Թվային մարքեթինգ՝ նոր հնարավորություններ. սեմինար ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2213

ՀՊՏՀ ուսումնական բաժնի և “Marketers Community” հիմնադրամի համագործակցության շրջանակներում մեր  ուսանողների համար այսօր  տեղի ունեցավ «Թվային մարքեթինգը (digital marketing) որպես «Ես» բրենդի առաջխաղացման գործիք»  խորագրով սեմինարը՝ հայաստանյան մարքեթինգի ոլորտում երկարամյա փորձ ունեցող Արտակ Հարությունյանի բանախոսությամբ:

Սեմինարն ինտերակտիվ էր, քննարկվեցին թվային մարքեթինգի հնարավորությունները, ուղղությունները,  նոր գործիքների կիրառման առանձնահատկությունները, «Ես» բրենդի դիրքավորումը և թերևս, ուսանողների համար ամենահետաքրքրականը՝ ինչպես դիրքավորել սեփական «ես»- ը՝ գործատուին ներկայանալի լինելու համար:

Ինչպես ներկայացրեց բանախոսը՝ թվային մարքեթինգը, որպես մարքեթինգի առանձին ճյուղ, ձևավորվել և զարգացել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց և համեմատաբար երիտասարդ ոլորտ է: 2008թվականից մարքեթինգի ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման համաշխարհային միտում նկատվեց և սկսեց զարգանալ թվային մարքեթինգը: Այն, անշուշտ, առնչվում է համացանցային տիրույթին:

«Ես»-ի դիրքավորումը բանախոսը ներկայացրեց իր օրինակով.  Արտակ Հարությունյանը համացանցում՝ սոցիալական ցանցերում իրեն դիրքավորել է, ինչպես ինքը ասաց, սիրող ամուսնու  և հոր, ապա՝ որպես  մարքեթինգի մասնագետի:

Առանձին-առանձին պարզաբանվեցին թվային մարքեթինգի գործիքները, ընդգծվեց, թե երբ և ինչպես են դրանք շահեկան տվյալ անհատի համար:

Սեմինարի ավարտին կազմակերպվեց խաղարկություն և հաղթողը MYbookstore գրախանութի կողմից  ստացավ նվեր՝ Թամարա Ավանեսյանի «Գործարար էթիկայի հիմունքներ» գիրքը :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին