Դասը վարեց ԿԲ ներկայացուցիչը

Դիտումների քանակ՝ 1763

Ֆինանսական ֆակուլտետի բանկային գործ մասնագիտության 4-րդ կուրսում այսօր «Բանկային վերահսկողություն և աուդիտ» առարկայի դասը վարեց  հրավիրյալ մասնագետը՝ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության բանկային վերահսկողության բաժնի պետ Վաղինակ Ստեփանյանը: Ներկա էին կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Լիանա Գրիգորյանը, տ.գ.թ., դոցենտ Կարեն Առաքելյանը, վերոնշյալ առարկայի դասախոս, տ.գ.թ., դոցենտ Վահան Բաբայանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Լիանա Գրիգորյանը և նշեց, որ գործատուի պահանջներից ելնելով`  անհրաժեշտություն կա հնարավորինս շատ գործնական գիտելիքներ փոխանցելու ուսանողներին, և դրան նպաստում են նաև  հրավիրված մասնագետների վարած դասերը:

Դասախոսության առանցքում էին բանկային վերահսկողության էությանը, առանձնահատկություններին առնչվող հարցերը, բանկի  կառավարման գործընթացում աուդիտի դերը: Վաղինակ Ստեփանյանը բանկային վերահսկողությունը ձևակերպեց որպես ֆինանսական ինստիտուտների գործունեության նկատմամբ պետական վերահսկողության օղակ, որը հասարակության շահերից ելնելով՝ տնտեսության բանկային հատվածի զարգացման ապահովմանն  ուղղված  մեխանիզմների  և  մեթոդների համակարգ է: Բանախոսը ներկայացրեց Կենտրոնական բանկի վերահսկողության ձևերը, գործիքները, մանրամասն անդրադարձ կատարեց ռիսկերի վրա հիմնված վերահսկողությանը:

Դասախոսության ընթացքում բանախոսը պատասխանեց նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Մեզ հետ զրույցում Վահան Բաբայանը ներկայացրեց բաց դասի անցկացման նպատակը և նշեց, որ հրավերները  շարունակական են լինելու:

«Հրավիրյալ դասախոսն իրեն վերապահված գործառույթներով իրականացնում է ՀՀ բանկերի վերահսկողության գործընթացի կազմակերպում, որը սերտորեն փոխկապակցված է դասավանդվող՝ «Բանկային վերահսկողություն և աուդիտ» առարկայի հետ: Ուստի, առարկան ամբողջովին ներկայացնելուց առաջ ցանկալի է ուսանողներին ընդհանուր պատկերացում տալ դրա պրակտիկ կիրառման մասին»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին