Ուսանողների վերապատրաստում ՈԱԱԿ-ում
Սեպտեմբերի 13-15-ը Տեմպուսի «Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (ESPAQ - Enhancing Students Participation in Quality Assurance in Armenian HE) ծրագրի շրջանակներում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի է ունեցել ուսանողների վերապատրաստում, որին մասնակցել են ծրագրին մաս կազմող բուհերի, այդ թվում՝ ՀՊՏՀ որակի ապահովման փորձագիտական խմբում ընդգրկված ուսանողները: Վերապատրաստումն անցկացրել են «Շոտլանդիայում որակի ապահովման ոլորտում ուսանողների համագործակցություն» գործակալության (sparqs), Ուսանողների եվրոպական միության (ESU) և «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ որակի բաժնից, դասընթացի շրջանակներում ուսանողներին ներկայացվել են ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման նպատակները և սկզբունքները, ուսանողների դերն այդ գործընթացում, փորձաքննության անցկացման կարգը, ինչպես նաև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափանիշները և ուղենիշները (ESG): Անդրադարձ է կատարվել նաև ՈԱԱԿ գործունեությանը, հավատարմագրման հայաստանյան փորձին և այդ գործընթացներում ուսանողների ներգրավվածությանը: Վերապատրաստման շրջանակներում անցկացվել է նաև սիմուլյացիա (դերային խաղ), որի ժամանակ ուսումնասիրվել և վերլուծվել են մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև ուսանողների մի խումբ հանդես է եկել որպես արտաքին գնահատման ուսանող-փորձագետ, իսկ մյուս մասը՝ որպես բուհի ներկայացուցիչ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին