ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը պարգևատրվել է ՀՀ ԵԿՄ հոբելյանական մեդալով

Դիտումների քանակ՝ 1595

ՊՆ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձի, ինչպես նաև Երկրապահ կամավորականների միության ծրագրերի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ ԵԿՄ «5-րդ բրիգադ 25 տարի»  հոբելյանական մեդալով: Այն այսօր ՀՊՏՀ ռեկտորին հանձնեց ԵԿՄ վարչության անդամ, պրոֆեսոր Հրանտ Պատրիկյանը:

ՀՊՏՀ-ն հատկապես վերջին տարիներին մեծապես կարևորում է ռազմահայրենասիրական ծրագրերի իրագործումը: Քառօրյա պատերազմի ժամանակ մեր բուհը, աշխատակազմը և ուսանողությունը նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերեցին Արցախին: Քառօրյայի մասնակից ուսանողները բուհի ղեկավարության մշտական ուշադրության և հոգածության ներքո են, նրանց ուսման վարձը 50 տոկոսով զեղչվում է: Առաջնագիծ այցերն ու զինվորներին նյութական օգնություն ցուցաբերելը ևս առօրյա գործունեության մաս է:

Կորյուն Աթոյանը, օգտվելով առիթից, իր շնորհակալությունը հայտնեց և շնորհավորանքը հղեց ԵԿՄ անդամներին և նրա ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին: «Օգտվելով ընձեռված այս պատեհ առիթից՝ ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Եռասերունդ երկրապահների ընտանիքին և նրա ղեկավար՝ Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ և իմ լավ բարեկամ Մանվել Գրիգորյանին՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ և հղել իմ անկեղծ ցանկությունները:

Հայկական երկու պետությունների անվտանգության, պաշտպանության, զինված ուժերի հզորացման, ռազմահայրենասիրական դաստիարակության, զոհված, անհայտ կորած կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու  գործում Եռասերունդ երկրապահների ավանդը մեծ է: Դուք այն զգայուն օղակն եք, որի բազկի ուժը, վստահ շունչը և հայրենանվեր գործունեությունը մենք տեսնում և զգում ենք ոչ միայն մեր պետությանը պատուհասած դժվարին պահերին, այլև առօրյա կյանքում: 2018 թվականին մաղթում եմ Ձեզ բարեբեր գործունեություն, Ձեզ և Ձեր ընտանիքներին առողջություն, երջանկություն, բարօրություն, իսկ մեր երկրին՝ խաղաղ արշալույսներ»,- մասնավորապես նշեց ՀՊՏՀ ռեկտորը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին