Գիտական խորհրդի ընդլայնված նիստում ներկայացվեցին համալսարանի ձեռքբերումները (լուսանկարներ)
ՀՊՏՀ մեծ դալիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին համալսարանի պրոռեկտորները, դեկանները, ամբիոնների վարիչները, վարչական ստորաբաժանումների ղեկավարները, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչները: Նիստը վարում էր ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ով ներկայացրեց օրակարգի միակ հարցը և խոսքը փոխանցեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին: Համալսարանի ռեկտորը հանդես եկավ համալսարանի 2017թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության և 2018թ բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին հաշվետվությամբ՝ ամփոփելով համալսարանի մեկ տարին, որի ընթացքում, ինչպես ընդգծեց ռեկտորը, համատեղ ջանքերով հիմնականում հաջողվեց լուծել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` 2016–2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի գործողությունների պլանով 2017 թվականի համար նախատեսված խնդիրների գերակշիռ մասը:
Համալսարանի ռեկտորն անդրադարձավ ուսումնական գործընթացին, գիտահետազոտական և միջազգային գործունեությանը, հասարակայնության հետ կապերի զարգացմանը, ուսանողական խորհրդի գործունեությանը, սոցիալական քաղաքականությանը, տնտեսական և ֆինանսական գործունեությանը, ապա ներկայացրեց 2017թ. բյուջեի կատարման արդյունքները և 2018թ. բյուջեի ցուցանիշները: Կորյուն Աթոյանը նշեց, որ հաշվետվությունը շուտով կհրապարակվի բուհի պաշտոնական կայքում, ինչը հնարավորություն կընձեռի մանրամասն ծանոթանալու բոլոր ստորաբաժանումների աշխատանքին, համալսարանի ձեռքբերումներին և առկա արդյունքներին:
ՀՊՏՀ ռեկտորը շեշտեց, որ անցնող տարում համալսարանը շոշափելի ձեռքբերումներ է արձանագրել գործունեության մի շարք ուղղություններում, որոնց շարքում առանձնացրեց հետևյալները.
-ավարտին են հասցվել համալսարանի 11 մասնագիտության՝ ուսումնառության վերջնարդյունքների վրա հիմնված բակալավրական կրթական ծրագրերի ամբողջական փաթեթների մշակման և փորձաքննության աշխատանքները,
-համալսարանի կողմից համակարգվող Տեմպուսի «ԱՐԱՐԱՏ» ծրագիրը ԵՄ «Կրթության, տեսաձայնային և մշակութային» գործադիր գործակալության կողմից ավելի քան մեկ տարի աուդիտի ենթարկվելուց հետո արժանացել է հայաստանյան բուհերի մեջ նախադեպը չունեցող գերազանց գնահատականի,
-մեկնարկել են արտերկրի գործընկերների հետ իրականացվող երկու մագիստրոսական կրթական ծրագրեր, որոնցից մեկը միաժամանակ երեք բուհի (այդ թվում՝ արտասահմանյան) դիպլոմ ստանալու հնարավորություն է ընձեռում,
-շարունակվել են ուսումնական գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները,
-իրականացվել են 2016-2017 թթ. գործողությունների պլանով կրթության որակի ներքին համակարգի ներդրմանն ուղղված 2017 թվականի համար նախատեսված միջոցառումները,
-գիտահետազոտական գործունեության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նպատակով ստեղծվել են չորս գիտաուսումնական լաբորատորիաներ,
-«Ամբերդ» հետազոտական կենտրոնը դարձել է ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնական գիտական խորհրդատուն, ինչն աննախադեպ երևույթ է Հայաստանի հանրային քաղաքականության բնագավառում ուղեղային կենտրոնների ներգրավման առումով,
-մեծացել է ուսանողների և դասախոսների միջազգային շարժունության ծավալը,
-շարունակվել են ուսումնական և գիտական գործունեության համար անհրաժեշտ նյութատեխնիկական հենքի բարելավման աշխատանքները
-ընդլայնվել են ուսանողներին և դասախոսներին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերը։
-համալսարանի աշխատակիցների հետ բանակցությունների արդյունքում կնքվել է համալսարանի կոլեկտիվ աշխատանքային պայմանագիրը, որտեղ աշխատողների համար առավել նպաստավոր պայմաններ և դրույթներ են նախատեսվել:
Համալսարանի ղեկավարը նաև մանրամասն ներկայացրեց 2017 թվականի բյուջեի կատարման արդյունքները, փաստացի մուտքերն ու ծախսերը, ինչպես նաև 2018թ. բյուջեի ցուցանիշները /նախագիծ/:
Ամփոփելով հաշվետու ելույթը՝ Կորյուն Աթոյանը նշեց, որ 2017 թվականին համալսարանի կառավարումն իրականացվել է համախումբ կառավարման մարմինների (խորհուրդ, գիտխորհուրդ և ռեկտորատ) մասնակցությամբ, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, կազմակերպական և ֆինանսատնտեսական աշխատանքներն իրագործվել են համալսարանի բոլոր ստորաբաժանումների գործուն մասնակցությամբ, համատեղ աշխատանքով:
Չնայած նկատելի հաջողություններին՝ բոլոր ուղղություններով էլ շատ անելիքներ ունենք: Ես մեր բոլոր հանդիպումների և քննարկումների ժամանակ արտահայտել եմ իմ մտահոգությունները կրթության ոլորտի առջև ծառացած խնդիրների, այդ համատեքստում մեր համալսարանի անելիքների և հեռանկարների մասին: Պետք է համախմբվել և կենտրոնացնել ուժերը՝ համալսարանն ավելի մրցունակ դարձնելու և մեր ապագան առավել հիմնավոր կառուցելու համար: Ուստի հորդորում եմ 2018թվականին ձեր ջանքերն ուղղել այս նպատակին»,- ասաց ռեկտորը:
Գիտական խորհուրդը որոշեց հավանություն տալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2017 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին հաշվետվությանը և 2018 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին, ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2017 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը և 2018 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները ներկայացնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի քննարկմանն ու հաստատմանը:
Եվ, քանի որ առջևում տոնական օրեր են, Կորյուն Աթոյանը ջերմ շնորհավորանքներ հղեց աշխատակիցներին՝ մաղթելով անձնական և ընտանեկան բարօրություն, աշխատանքային հաջողություններ և բոլոր նվիրական իղձերի կատարում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին