Ավարտական աշխատանքների նախապատրաստում. շնորհանդես ՄՏՀ 4-րդ կուրսում
Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները ուսումնական կիսամյակի ավարտին հանդես եկան լրացուցիչ հետազոտական աշխատանքի շնորհանդեսով: Նախաձեռնությունը կուրսղեկ, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ. տ.գ.թ. Կարմեն Գրիգորյանինն է, ով հանձնարարել էր ուսումնասիրել Հնդկաստանի և Իսրայելի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, համեմատել Հայաստանի հետ և մշակել ՀՀ զարգացմանն ուղղված առաջարկություններ: Ուսանողները բաժանվել են 2 խմբի և մեկ կիսամյակ շարունակ հետազոտել վերը նշված թեմաները, և այս գործընթացում նրանց մեծապես աջակցել է ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը:
Այսօր կայացած շնորհանդեսին ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը:
Հետազոտողներն առաջինն անդրադարձան Հայաստանի ՏՏ ոլորտին, բնութագրեցին առկա վիճակը, պետական միջոցառումներն ու զարգացման միտումները, արտահանման պատկերը, վերհանեցին հիմնախնդիրները: Հաջորդիվ Իսրայելին ու Հնդկաստանին անդրադարձն էր, առանձնահատկությունների ընդգծումն ու ներուժի նկարագրումը: Հետազոտության մեծ մասը Հայաստանի հետ համեմատական վերլուծություն էր: Հնդկաստանի և Իսրայելի ընտրությունը պատահական չէր. այս երկրները տնտեսական մի շարք նմանություններ ունեն: Հնդկական ու իսրայելական փորձի առավելությունները դիտարկելով՝ ապագա տնտեսագետ-միջազգայնագետները ներկայացրել էին մի շարք առաջարկություններ, որոնք կարող են օգտակար լինել մեր երկրի ՏՏ ոլորտի առաջմղման համար:
Մեզ հետ զրույցում Կարմեն Գրիգորյանն ասաց, որ լրացուցիչ հետազոտական աշխատանքը ուսանողներին նախապատրաստում է ավարտական աշխատանքների (դիպլոմայինների) պաշտպանությանը՝ ուղղորդելով գրագետ աշխատել, ինչպես նաև աշխատանքը լսարանին պատշաճ ներկայացնել:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին