«Ուսանողական ամառ-2016» փառատոնում հաղթեց «Քարվաճառ» ջոկատը
Մեր համալսարանի ուսանողական խորհուրդը գեղեցիկ ավանդույթ է ձևավորել՝ ամեն տարի «Տնտեսագետ» մարզաառողջարանում (Դիլիջան) ուսանողների հանգիստը հիշարժան ու հագեցած է դարձնում: ՈւԽ նախաձեռնությամբ այս տարի օգոստոսի 13-19-ը ուսանողները համախմբվել էին «Ուսանողական ամառ-2016» մարզամշակութային փառատոնի շուրջը: Ինչպես ավելի վաղ հայտնելէինք, «Մենք ենք Արցախը» խորագրով փառատոնի մասնակից ջոկատները (ՀՊՏՀ ֆակուլտետները) կրում էին «Քարվաճառ», «Շահումյան», «Հադրութ», «Մարտակերտ», «Ասկերան», «Մարտունի» անվանումները:
Փառատոնը եզրափակվել է օգոստոսի 19-ին՝ գալահամերգով, և բոլոր մրցույթների հանրագումարով հաղթել է տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներից կազմված «Քարվաճառ» ջոկատը: Այս մասին տեղեկացնում են ուսխորհրդականները:
Գալահամերգի ընթացքում պարգևատրվել են փառատոնի մարզական խաղերում և մրցույթներում մրցանակային տեղեր զբաղեցրած ջոկատները, մեդալներն ու պատվոգրերը հանձնել է ՀՊՏՀ Ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս, «Տնտեսագետ» մարզաառողջարանի պետ Հակոբ Կյոկչյանը:
Փառատոնը հայրենասիրական, կրթական-ճանաչողական էր, ինչն ուսանողներին հնարավորություն է ընձեռել ստեղծագործաբար հանդես գալու, ներկայացնելու նոր գաղափարներ, նոր մոտեցումներ: Օրինակ, «Շահումյան» ջոկատը պատրաստել է «Մենք ենք Արցախը» խորագրին համահունչ գեղեցիկ տեսահոլովակ, որտեղ միավորվում են Արցախն ու Հայաստանը: Տեսահոլովակը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ facebook.com/Asue.Sc/?fref=nf : Ուսանողներն իրենց ելույթներում մեծ ակնածանքով են հիշել Արցախյան քառօրյա պատերազմում ընկած քաջորդիներին:
Լուսանկարները՝ ՀՊՏՀ ՈւԽ-ից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին