ՀՊՏՀ ներկայացուցիչները՝ բարձրագույն կրթությանն առնչվող համաժողովի մասնակից

Դիտումների քանակ՝ 1972

Հունիսի 30-ից հուլիսի 1-ն Աղվերանում կայացել է Եվրոպական Միության «Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Թվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին մեր համալսարանից ներկա են եղել իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Լյուբա Մեհրաբյանը, կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ Մերի Բադալյանը և որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, տ.գ.թ. Աննա Փախլյանը:

Համաժողովին ներկա է եղել և մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

ՀՊՏՀ ներկայացուցիչներ Լյուբա Մեհրաբյանը և Մերի Բադալյանը մասնավորապես մասնակցել են բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը, Աննա Փախլյանը՝ որակի ապահովման մասին քննարկմանը:

Մեզ հետ զրույցում Մերի Բադալյանն ասաց, որ  բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում, հնչել են կարծիքներ, առաջարկություններ:

«Առաջիկա օրերին նախատեսվում է ՀՊՏՀ-ում ևս քննարկել նախագիծը, մշակել առաջարկությունների փաթեթ, որը բուհի ղեկավարության հետ քննարկելուց հետո կներկայացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը»,-ասաց Մերի Բադալյանը:

Նշենք, որ, ըստ ՀՀ ԿԳՆ կայքի, «Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Թվինինգ ծրագիրն  իրականացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ Ֆինլանդիայի կրթության գնահատման կենտրոնի (FINEEC) և Գերմանիայի կրթության ու հետազոտությունների դաշնային նախարարության (BMBF) հետ համատեղ:

Համաժողովին մասնակցել են բուհերի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, ծրագրի արտասահմանյան գործընկերները: Ծավալվել են խմբային քննարկումներ, ամփոփվել են  Թվինինգ ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին