ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում մեկնարկել է առաջին հերթափոխը. հանգստացողներին է այցելել ռեկտոր Կորյուն Աթոյանը

Դիտումների քանակ՝ 1211

ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում, որը գտնվում է Դիլիջանում՝ Բլդան գետի գեղատեսիլ հովտում, կրկին ամառային հանգիստ են անցկացնում մեր համալսարանի ուսանողները և աշխատակիցները:

Երեկ մեկնարկել է մարզաառողջարանի 1-ին հերթափոխը, որի առիթով մարզաառողջարան է այցելել ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ տեղում գնահատելու նախապատրաստական աշխատանքը, ստեղծված պայմաններն ու առաջին հերթափոխի հովեկների տրամադրությունը:

«Աշխատակիցների և ուսանողների հանգստի կազմակերպման հարցը մեր սոցիալական ծրագրերի շարքում է, և յուրաքանչյուր տարի մենք փորձում ենք ավելի բարելավվել այն պայմանները, որոնք առաջարկում ենք համալսարանականներին: Այս տարի ևս փորձել ենք որոշակի բարելավվել հանգստի պայմանները: Ինչպես գիտեք, նաև արդեն մի քանի տարի է՝ մարզաառողջարան ենք հրավիրում նաև Արցախի պետական համալսարանի մեր գործընկերներին և ուսանողներին»,- մեզ հետ զրույցում ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ներկայացնելով մարզաառողջարանում ուսանողության և աշխատողների ամառային հանգստի կազմակերպման աշխատանքների ընթացքը, նշել էր, որ հիմնանորոգման ու մասնակի վերանորոգման, նոր գույքի ձեռք բերման, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման, հանգստի ու ժամանցի նոր ծրագրերի նախապատրաստման առումով բավականին աշխատանք է կատարվել, և այցելուները գոհ կմնան իրենց ամառային հանգստից:

Քիչ առաջ մենք նաև հեռախոսազրույց ունեցանք մարզաառողջարանի պետ Հակոբ Կյոկչյանի հետ: «Դիլիջանում անձրևային ու զով եղանակ է: Առաջին հերթափոխի հանգստացողները (5 հոգի Արցախի պետական համալսարանից, 2 դասախոսական ընտանիք, մյուսները՝ ՀՊՏՀ ուսանողներ) երեկվանից տեղավորվել են: Երեկ մեզ այցելեց նաև ռեկտոր Կորյուն Աթոյանը և բարձր գնահատեց նախապատրաստական այն զգալի աշխատանքը, որ կատարվել է մարզաառողջարանում»,-նշեց  Հակոբ Կյոկչյանը:

Հիշեցնենք՝ ինչպես ամեն տարի, այս տարի ևս կգործի  4 հերթափոխ՝ հուլիսի 5-17-ը, հուլիսի 18-30-ը, հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը, օգոստոսի 13-25-ը:

Մարզաառողջարանի 1 հերթափոխի ուղեգրի արժեքը համալսարանի ուսանողների և աշխատակիցների համար 35.000 ՀՀ դրամ է, իսկ նրանց ընտանիքի անդամների համար՝ 40.000 ՀՀ դրամ: Ցանկացողները ուղեգրերը կարող են ձեռք բերել ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժնից:

Հիշեցնենք, որ  տոմսերի ձեռք բերման համար ուսանողները հաշվապահական հաշվառման բաժին պետք է մոտենան ուսանողական տոմսով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին