Գործնական առաջարկություններ ու նպաստավոր որոշումներ՝ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում

Դիտումների քանակ՝ 1596

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ համալսարանի գիտական խորհրդի  տարեվերջյան նիստը՝ գիտխորհրդի նախագահ, ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ:

Համաձայն օրակարգի՝ ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը ներկայացրեց ուսանողության և աշխատողների ամառային հանգստի կազմակերպման աշխատանքների ընթացքը Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում՝ հանգամանորեն ներկայացնելով նախապատրաստական բոլոր աշխատանքները՝ հիմնանորոգում ու մասնակի վերանորոգում, նոր գույք, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավում, հանգստի ու ժամանցի նոր ծրագրեր: Պրոռեկտորը նաև տեղեկացրեց՝ ՀՊՏՀ ռեկտորատի որոշմամբ Արցախի պետական համալսարանին է տրամադրվել Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանի 20 անվճար ուղեգիր: Հարցի առնչությամբ գիտական խորհրդում ծագեց քննարկում, որի արդյունքում ռեկտոր Կորյուն Աթոյանի առաջարկությամբ և գիտխորհրդի միաձայն քվեարկությամբ ևս 10 անվճար ուղեգիր հատկացվեց ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմին և համալսարանի համապատասխան ստորաբաժանումներին տրվեցին հանձնարարականներ:

Ամբիոնների դոցենտների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակցելու մասին զեկուցեց մրցութային հանձնաժողովի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը: Իր ելույթի սկզբում նա հստակեցրեց այս մրցույթին դիմելու ընթացակարգը, ինչի առնչությամբ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ հետագայում գործող կանոնակարգը պետք է բարեփոխվի և լրամշակվի՝ առավել հստակ ձևակերպումներով: Սուրեն Գևորգյանը ներկայացրեց յուրաքանչյուր թեկնածուի աշխատանքային կենսագրությունը, գիտական հրատարակությունները, ամբիոնի քվեարկության արդյունքը և մրցութային հանձնաժողովի կարծիքը:  Բոլոր 18 թեկնածությունները դրվեցին փակ, գաղտնի քվեարկության և հաստատվեցին:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր Սամսոն Դավոյանը  զեկուցեց «Ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը Գյումրու մասնաճյուղում» հարցը՝ ներկայացնելով հաշվետու շրջանում մասնաճյուղում ուսումնական գործընթացը, առաջադիմությունը, գիտահետազոտական աշխատանքները, ֆինանսական գործունեությունը, մասնաճյուղի գիտակրթական զարգացման SWOT վերլուծությունը՝ ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները, սպառնալիքները, առաջարկությունները, ապա մասնաճյուղի նոր կառուցվածքը:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը և գիտական խորհրդի մյուս անդամները մասնաճյուղի տնօրենին ուղղեցին հարցեր, նոր կառուցվածքի առիթով ծավալվեց քննարկում, որից հետո գիտական խորհուրդը որոշեց հաշվետվությունն ընդունել ի գիտություն և կատարված աշխատանքը գնահատել բավարար, իսկ նոր կառուցվածքն առաջարկեցին ներկայացնել մասնաճյուղի ռազմավարական զարգացման ծրագրի հետ համատեղ:

Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը գիտխորհրդի քննարկմանն ու հաստատմանը ներկայացրեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2016-2020 թթ. ռազմավարական ծրագիրը» և այն ծավալուն աշխատանքը՝ հարցումներ, վերլուծություններ, հստակեցված նպատակներ, խնդիրներ, գերակա ուղղություններ, որոնք կարևոր են բուհի հետագա գործունեությունը կանոնակարգելու առումով և նախապատրաստել են տվյալ փաստաթուղթը: Պրոռեկտորը շնորհակալություն հայտնեց այն ամբիոնների  և ստորաբաժանումների ղեկավարներին, ովքեր նախօրոք ծանոթացել և արձագանքել են փաստաթղթին, իրենց նկատառումները ներկայացրել:

Իր ելույթում նշելով, որ բուհի ռազմավարական զարգացման հիմնաքարը կրթական գործընթացի բարելավումն է, որը հնարավոր է իրագործել մարդկային ռեսուրսի՝ որակյալ կադրերի մասնակցությամբ՝ պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը կանգ առավ ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունների վրա՝ ընդգծելով յուրաքանչյուրի կարևորությունը: Գիտական խորհուրդը միաձայն քվեարկությամբ երաշխավորեց փաստաթուղթը՝ ՀՊՏՀ խորհրդում հաստատման ներկայացնելու համար:

Օրակարգի ընթացիկ հարցերի շարքումգիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը գիտխորհրդին ներկայացրեց  ատենախոսության թեմայի և ղեկավարի վերահաստատման հարց:

Հանգամանալից քննարկումից ու ճշգրտումներից հետո գիտխորհուրդը հաստատեց այն: Պրոռեկտորը, իր խոսքն ուղղելով ամբիոնի վարիչներին, նշեց, որ գալիք ուսումնական տարում ուսումնական պլանները վերանայման անհրաժեշտություն ունեն, քանի որ առարկայական ցանկը հաճախ չի համապատասխանում միջազգային պահանջներին:

Նիստի ավարտին ռեկտոր Կորյուն Աթոյանը խորհրդի անդամներին հիշեցրեց, որ ավարտվող ուսումնական տարվա վերջին նիստն էր, առաջիկայում սպասված արձակուրդն է և բոլորին մաղթեց կազդուրիչ հանգիստ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին