Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունը
ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի մրցաշարը մարզաշխարհի պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը՝ հավելելով, որ մեկ ամիս առաջ միջոցառումը նախապատրաստելու նպատակով Հայաստան էր այցելել Ուեֆայի ֆուտզալի մրցաշարերի կազմակերպման պատասխանատու Լորեն Մորելը:
«Միջոցառումը Հայաստանում կազմակերպելու համար ՈւԵՖԱ-ի քարտուղարությանը դիմել էր ՀՀ 2015-2016 թթ. ֆուտզալի առաջնության հաղթող ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը: Առաջնությանը մեր թիմի մրցակից, ենթախմբի մյուս 3 թիմերը հայտնի կդառնան հուլիսի 7-ին ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայանալիք վիճակահանության ժամանակ: Միջոցառումը կանցկացվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում, օգոստոսի 16-ից 21-ը, ՀՊՏՀ և ՀՖՖ սերտ համագործակցությամբ»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին