ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալագիր հանձնեց «Ամենախելացին» հեռուստանախագծի հաղթող ՀՊՏՀ ուսանողին
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալեց «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստախաղի 3-րդ եթերաշրջանի հաղթող, ՀՊՏՀ բանկային գործ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Պետրոսյանին, ինչպես նաև ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանին:
Ռեկտորը շնորհավորեց տաղանդաշատ ուսանողին պատվաբեր հաղթանակի կապակցությամբ, ապա հետաքրքրվեց խաղի ընթացքով, մասնակցության մանրամասներով: Տիգրանը ներկայացրեց խաղին մասնակցության նախնական փուլերը, հեռուստախաղի ընթացքը՝ շեշտելով, 16 միավորով դուրս է եկել խաղի եզրափակիչ փուլ և հաղթանակ գրանցել 11 միավորով:
«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս հրաշալի հաղթանակի կապակցությամբ: Մեր յուրաքանչյուր աշխատակցի կամ ուսանողի հաջողությունը մեզ ոգևորում է, խրախուսում: Երբ հնչում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան անունը, ես հպարտության անասելի զգացում եմ ունենում: Սա բուհի հաջողությունն է, բոլորիս հաջողությունն է»,- ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Համալսարանի ռեկտորը Տիգրանին մաղթեց հետագա հաջողություններ և շեշտեց, որ համալսարանի ղեկավարությունը պատրաստ է աջակցելու, երբ կարիք լինի: Տիգրանը շնորհակալություն հայտնեց բուհի ռեկտորին, նաև դեկան Վահե Միքայելյանին՝ աջակցության համար:
Հիշեցնենք, որ Տիգրանը դարձել էր նաև խաղի 4-րդ կիսաեզրափակչի հաղթող:Ինչպես տեղեկացնում է «Ամենախելացին» նախագծի հեռարձակող «Արմենիա» հեռուստաընկերության պաշտոնական կայքը, խաղի 3-րդ եթերաշրջանը միավորել էր Հայաստանի և Արցախի բուհերի բակալավրիատի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներին: 96 մասնակիցներ երեք ամիս պայքարում էին ամենախելացիի կոչմանն արժանանալու համար: Եզրափակիչ էին հասել 12-ը: «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղին հայ ուսանողները մասնակցում էին «Արմենիա» հեռուստաընկերության, ՀՀ կրթության ու գիտության նախարարության, «Գազպրոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների շնորհիվ: Խաղը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ youtube.com/watch?v=YdmOjga5PBo:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին