ՀՊՏՀ 50 ուսանող Դիլիջանի մարզաառողջարանի հանգստի անվճար ուղեգիր կստանա
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որը սկսվեց հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսի գիտահետազոտական փորձառության արդյունքների մասին դեկանների զեկուցմամբ:
Ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը զեկուցեց 2016թ. Դիլիջանի մարզաառողջարանային ճամբարում ուսանողների հանգստի կազմակերպման մասին՝ շեշտելով, որ ճամբարում, ավանդույթի համաձայն, այս տարվա հանգստի կազմակերպումը կմեկնարկի հուլիսի 5-ին, կընթանա 4 հերթափոխով: Պրոռեկտորը տեղեկացրեց, որ Դիլիջանում հանգստի կազմակերպման մասին տեղեկատվություն հրապարակվել է համալսարանի պաշտոնական կայքում, տոմսերի վաճառքը սկսվել է: Վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանը հայտնեց, որ մարզաառողջարանում հիմնանորոգվել են խոհանոցն ու լվացքատունը, կատարվել են նաև մասնակի վերանորոգումներ:
Պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը ռեկտորատին ներկացարեց երկու առաջարկ. հաշվի առնելով Արցախի պետական համալսարանի հետ ՀՊՏՀ համագործակցության պայմանագիրը՝ այս տարի ևս Արցախի պետական համալսարանից հրավիրել ուսանողների և դասախոսների: Հիշեցնենք, որ այս մոտեցումը ներդրվել է մի քանի տարի առաջ և ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հրավերով վերջին տարիներին Դիլիջանի մարզաառողջարանում հյուրընկալվում են գործընկեր համալսարանի ներկայացուցիչներ: Պրոռեկտորն առաջարկեց նաև բուհի միջոցների հաշվին 50 անվճար ուղեգիր տրամադրել մեր լավագույն ուսանողներին: Ռեկտորատը հաստատեց ներկայացված առաջարկները: «Տնտեսագետ» մարզաառողջարանում հանգստի կազմակերպման վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ goo.gl/i2wGzA:
ՀՊՏՀ ուսանողական նպաստների, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում փոփոխություններ են արվել: Հարցը ռեկտորատին ներկայացրեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Կանոնակարգի փոփոխված տարբերակը գիտական խորհրդի հաստատումից հետո հասանելի կլինի ՀՊՏՀ պաշտոնական կայքում:
Ընթացիկ հարցերի շարքում անդրադարձ արվեց շրջանավարտների արարողությանը, դիպլոմների հանձնման, վարձավճարների հավաքագրման գործընթացներին: Պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը տեղեկացրեց, որ շրջանավարտներին նվիրված ամենամյա միջոցառումը կկայանա հունիսի 28-ին: Այս մասին մանրամասները՝ առաջիկայում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին