Գլոբալացման արդի հիմնախնդիրները՝ ուսումնագիտական խմբի հաշվետվությունում
«Գլոբալացումը և զարգացող երկրների մարտահրավերները» ՀՊՏՀ միջազգային գիտաուսումնական խումբն այսօր հաշվետվությամբ հանդես եկավ, որն ամփոփում էր կատարված աշխատանքը:
Սեմինարին ներկա էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակիցները, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, գիտաուսումնական խմբերի անդամներ:
Խմբի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Խորեն Մխիթարյանը, ողջունելով ներկաներին, համառոտ անդրադարձ կատարեց գլոբալացում հասկացության ծագմանն ու էությանը, որը երևան է եկել դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և 21-րդ դարում, որպես հիմնախնդիր, հայտնվել է հետազոտողների ուշադրության կենտրոնում: Նա ներկայացրեց երկու հիմնական ուղղությունները, որոնց շուրջ կառուցվել է ուսումնասիրությունը, ապա երկու բանախոսներին՝ մագիստրանտներ Նելսոն Նաթին (Հնդկաստան) և Հայյան Ալդելային (Սիրիա):
Նելսոն Նաթն անդրադարձավ գլոբալացման դրսևորման առանձնահատկություններին, դրական և բացասական հետևանքներին, գլոբալացման և միջազգայնացման տարբերություններին՝ մասնավորապես նշելով, որ գլոբալացումը որոշակի զգուշավորություն է պահանջում՝ կիրառելով չափավոր ուժի ռազմավարություն՝ զերծ մնալու համար անցանկալի հետևանքներից:
Հայյան Ալդելան խոսեց գլոբալացման տնտեսական պատճառների, հետևանքների, արդյունքների մասին՝ մասնավորապես կանգ առնելով գլոբալացման առանձնահատկությունների վրա՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում մինչև պատերազմը և դրանից հետո: Այնուհետև առանձին երկրների օրինակով ներկայացվեց գլոբալացման՝ որպես տնտեսական երևույթի արդյունավետության գնահատումը:
Միջոցառումից հետո Խորեն Մխիթարյանը մեզ տեղեկացրեց, որ աշխատությունն առաջիկայում առցանց հասանելի կլինի մեծ լսարանի համար, ապա նաև կպատրաստվի հրատարակության:
ՀՊՏՀ գիտության բաժնի պետը հույս հայտնեց, որ նոր ուսումնական տարում գիտաուսումնական խմբերի նոր մրցույթ կանցկացվի, և միջազգային խումբը կհամալրվի նոր անդամներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին