ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնը հանդես է գալիս նոր հրատարակություններով

Դիտումների քանակ՝ 1845

ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Արարատ Զաքարյանի և նույն ամբիոնի  ասիստենտ, տ.գ.թ.  Գևորգ Պապոյանի հեղինակությամբ  լույս է տեսել «Փոխհարաբերությունների մարքեթինգը սպառողական շուկաներում» վերնագրով ուսումնական ձեռնարկը (հեղինակային հրատարակություն), որը հրատարակության է երաշխավորվել ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ: Ամբիոնի մյուս հրատարակությունը ամբիոնի ասիստենտ Վադիմ Գրիգորյանի հեղինակությամբ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի խորհրդի երաշխավորությամբ  լույս ընծայված  «Փոխհարաբերությունների մարքեթինգը գործարար շուկաներում» դասախոսությունների նյութերն  է:

«Փոխհարաբերությունների մարքեթինգը սպառողական շուկաներում» ձեռնարկի հեղինակներն այսօր  հանդիպեցին գրադարանի  տնօրեն Արմինե Հովհաննիսյանին, ներկայացրեցին ձեռնարկը, որից օրինակներ է ձեռք բերել նաև գրադարանը:

Ուսումնական այս ձեռնարկի մասնագիտական խմբագիրն է ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, գրախոսել են ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը, ասիստենտներ Վադիմ Գրիգորյանը և Կարապետ Առաքելյանը: Աշխատանքում ներկայացված են փոխհարաբերությունների կարևորությունը ժամանակակից մարքեթինգում, վերջինիս էությունը, ձևավորումը, զարգացումը, հիմնական հասկացությունների մեկնաբանումը, մարքեթինգային այս նոր հայեցակարգի ունեցած տարբերությունները ավանդական մարքեթինգի գործիքներից, փոխհարաբերությունների միջոցով մրցակցային առավելությունների ստեղծման հնարավորությունները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձված սպառողների փոխհարաբերություններին, դրա կառավարմանը, սպառողական արժեքի ստեղծմանը, փոխհարաբերությունների միջոցով սպառողական կապիտալի կուտակմանը, ի հայտ են բերվել փոխհարաբերությունները բնորոշող քանակական ցուցանիշներ, քննարկվել են  փոխհարաբերությունների մակարդակի բացահայտման և գնահատման գործիքներ:

«Փոխհարաբերությունների մարքեթինգը գործարար շուկաներում» դասախոսությունների նյութերը հրատարակության է երաշխավորել մարքեթինգի և բիզնեսի ֆակուլտետի խորհուրդը, մասնագիտական խմբագիրն է ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը, գրախոսել են դոցենտներ Արմեն Գրիգորյանը և Դավիթ Թավադյանը: Հրատարակությունումում ներկայացված են փոխհարաբերությունների մարքեթինգի էությունը, բնորոշումները, առաջացման նախադրյալները, էվոլյուցիան, տարբեր դպրոցները, մարքեթինգի ընդհանուր տեսության մեջ փոխհարաբերությունների տեղն ու դերը:  Դիտարկվում են գործարար շուկաներում փոխհարաբերությունների բնույթը և որակը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Արարատ Զաքարյանն ընդգծեց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մայրենի լեզվով մասնագիտական գրականության խիստ պահանջ կա, այդ իսկ պատճառով մարքեթինգի ամբիոնը պարբերաբար փորձում է լրացնել այդ բացը:

«Վերջերս լույս ընծայված այս երկու հրատարակություններն ուղղված են հենց այդ նպատակին» ,-ասաց պրոֆեսորը:

Շնորհավորում ենք հեղինակներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին