Մեկնարկել են ԳՈւԽ ամփոփիչ հաշվետվությունները. ներկայացվեց ուղեղային կենտրոնների դերը ՀՀ-ում

Դիտումների քանակ՝ 1559

2015-2016 թթ. ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերն այս ամիս  ներկայացնում են  իրենց հետազոտությունների վերջնարդյունքները՝ ամփոփիչ հաշվետվությունների տեսքով: Այսօր իր աշխատանքը ներկայացրեց «Ուղեղային կենտրոններն արդի քաղաքական գործընթացներում» գիտաուսումնական խումբը, որի ղեկավարն է «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, տ.գ.թ., դոցենտ Վարդան Աթոյանը: Սեմինարին ներկա էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակիցները, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, գիտաուսումնական խմբերի անդամներ:

Ներկաներին ողջունեց Խորեն Մխիթարյանը՝ ազդարարելով գիտաուսումնական խմբերի ամփոփիչ հաշվետվությունների մեկնարկը:

Վարդան Աթոյանը ներկայացրեց իրենց հետազոտության առանցքային շեշտադրումները՝ ընդգծելով, որ աշխատանքում առանձնակի կարևորվում է  հայաստանյան ուղեղային կենտրոնների դերի ուսումնասիրությունը և այս առումով հետազոտությունն աննախադեպ է, քանի որ չկան համապատասխան հետազոտություններ:

«Ուղեղային կենտրոններն արդի քաղաքական գործընթացներում» խմբի անդամներն են մեր համալսարանի փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Սոֆյա Օհանյանը և նույն ամբիոնի դասախոս Արփինե Մալքջյանը:

Խմբի աշխատանքը ամփոփ ներկայացրեց Սոֆյա Օհանյանը: Նա անդրադարձավ հետազոտության հիմնական ուղղություններին, խոսեց ՀՀ ուղեղային կենտրոնների ուսումնասիրության չափանիշների, ՀՀ ուղեղային կենտրոնների ձևավորման պատճառների, զարգացման փուլերի (առանձնացվեց 5 փուլ) մասին, անդրադարձավ բաշխվածությանն ըստ հիմնադրման տարեթվի, դասակարգմանը (բուհական, պետական, մասնավոր և այլն), աշխատանքի առանձնահատկություններին:

Եզրակացությունների շարքում բանախոսը նշեց, որ ուղեղային կենտրոնների թվի աճ է նկատվում, ինչը պայմանավորված է պահանջարկով:

Խմբի կողմից առաջարկվում էր. ՀՀ ուղեղային կենտրոնները պետք է ձգտեն դառնալ քաղաքական բանավեճերի ներքին մասնակիցներ,  պետք է կատարեն կրթական գործառույթներ, պետք է դուրս գան գաղափարների շուկա և այլն: Ուշագրավ էր այն, որ առաջարկվում էր նաև բուհերի մագիստրատուրայում  որոշ մասնագիտություններում ներդնել «Ուղեղային կենտրոնները հանրային քաղաքականության ոլորտում» դասընթացը, ինչը հնարավորություն կտա ուսումնասիրել արևմտյան փորձը և տեղայնացնել ՀՀ-ում:

Զեկուցման ավարտից հետո ունկնդիրները հանդես եկան հարցադրումներով, ծավալվեց քննարկում:

Ամփոփելով սեմինարը՝ Խորեն Մխիթարյանը կարծիք հայտնեց, որ խումբը կատարել է ուշագրավ և համակողմանի հետազոտություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին