ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը այցելեց ֆինանսատնտեսագիտական քոլեջ

Դիտումների քանակ՝ 1748

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ստեղծվել են համակարգչային լսարաններ, լաբորատորիա, QR գրադարան: Այսօր ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այցելեց քոլեջ՝ ծանոթանալու կատարված աշխատանքի արդյունքներին:Քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանը և աշխատակազմի ղեկավար ներկայացուցիչները դիմավորեցին համալսարանի ռեկտորին և ուղեկցեցին սրահներ:

Ռեկտորը նախ եղավ ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն առարկայի լսարանում, ապա այցելեց քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն հանրակրթական առարկաների գծով գործնական պարապմունքների լաբորատորիա, ապա համակարգչային երկու լսարան, որտեղ պարապմունքներ էին անցկացնում ֆինանսներ և ապահովագրական գործ մասնագիտության ուսանողները: Ներկայացվեց նաև քոլեջի նոր բուֆետը, QR գրադարանը, որտեղից քոլեջի սաները կարող են ներբեռնել հատկապես իրենց ուսումնական ծրագրերին վերաբերող գրականություն:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը հետաքրքրվեց ընթացիկ աշխատանքներով, նոր ծրագրերի արդյունավետությամբ և քոլեջի կարիքներով: Քոլեջի աշխատակազմի անունից տնօրեն Սերգեյ Խառատյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի ռեկտորին՝ քոլեջի զարգացմանն աջակցելու համար: Քոլեջի տնօրենի խորհրդական Ռուբեն Առաքելյանը  երախտագիտության խոսք ուղղեց Կորյուն Աթոյանին՝ նշելով, որ հիմնադրման օրվանից մինչ օրս քոլեջում երբևէ այս մասշտաբի բարենորոգումներ և ներդրումներ, ինչպես նաև աշխատակիցներին ուղղված սոցիալական ծրագրեր չեն իրագործվել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին