Արդյունքների ներկայացում՝ Եղեգնաձորի մասնաճյուղում
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում երեկ հյուրընկալվել են «ԱՄՆ Խաղաղության կորպուս/Հայաստան»-ի տնօրեն Չարլզ Էնսիսոնը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, նույն կենտրոնի «Սոցիալ-տնտեսական զարգացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն Արմեն Քթոյանը, Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում են մասնաճյուղից՝ հավելելով, որ հանդիպմանը ներկայացվել են «ԱՄՆ Խաղաղության կորպուս/Հայաստան»-ի կողմից իրականցված ծրագրերի արդյունքները: Հանդիպմանը ներկա են եղել մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, դասախոսներն ու ուսանողները: Մասնակիցներին ողջունել է Սոս Խաչիկյանը:
Չարլզ Էնսիսոնը և Սամվել Ավետիսյանը կարևորել են ծրագրի արդյունքները, նշել, որ այն անհրաժեշտ է հետագա կրթական և գիտական գործընթացների կազմակերպման համար: Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ագրոզբոսաշրջության ոլորտում իրականացվող նոր հետազոտությունը կարևոր խթան կհանդիսանա տարածքային զարգացման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագա հետազոտական նախաձեռնությունները աջակցություն կստանան «ԱՄՆ Խաղաղության կորպուս/Հայաստան»-ի կողմից:
Լուսանկարները՝ մասնաճյուղից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին