Պատմագիտական նոր գիրք

Դիտումների քանակ՝ 1801

Վերջերս լույս է տեսել ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Արարատ Հակոբյանի «Միակուսակցական վարչակարգի ձևավորումը Խորհրդային Հայաստանում (1920-ական թվականներ)» մենագրությունը՝ 366 էջ ծավալով:

Աշխատության մեջ փորձ է արված արխիվային բազմահարուստ նյութերի, փաստաթղթերի ժողովածուների, մամուլի, գիտական գրականության հիման վրա Խորհրդային Հայաստանի օրինակով ներկայացնել բոլշևիկյան միակուսակցական վարչակարգի ձևավորման գործընթացը Հայաստանում: Քննության են առնված այդ համակարգին բնորոշ հարցերի լայն շրջանակ՝ մենիշխանության առաջացման սոցիալ-քաղաքական և գաղափարական նախադրյալները, խորհրդային իշխանության բնույթն ու կառուցվածքը, ընտրական խտրական համակարգը, կուսակցական նոմենկլատուրայի հաստատումը,  պետական իշխանության թևերի սահմանազատման խնդիրը, ներկուսակցական բանավեճերը, դրանց դրսևորումներն ու առանձնահատկությունները Հայաստանում և այլն:

Նոր մենագրության մասին մեզ հետ զրույցում պրոֆեսոր Արարատ Հակոբյանն ասաց. «Ներկայացվող աշխատանքում անցկացվում է այն գաղափարը, որ խորհրդային կոմունիստական օտարոտի ամբողջատիրական վարչակարգը, Գարեգին Նժդեհի խոսքերով ասած՝ մեզ է պարտադրվել դրսից: Այն իր բոլոր դրսևորումներով պահպանվեց ուղիղ 70 տարի և վերացավ ԽՍՀՄ փլուզումով: Սակայն հաշվի առնելով Հայաստանի երրորդ Հանրապետության ներկա իրողությունները՝ կարելի է արձանագրել, որ կոմունիստական վարչակարգին բնորոշ մտածելակերպը և գործելակերպը թե՛ մեր հասարակության լայն շրջանակներում, թե՛ կառավարման օղակներում դեռևս լիովին հաղթահարված չեն: Պատմական զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և Ռուսաստանի խորհրդայնացման գործընթացների ու միակուսակցական կառավարման առանձնահատկությունների միջև՝ փաստական հարուստ նյութերի հիման վրա ցույց է տրվել, որ Հայաստանի բոլշևիկ ղեկավարները կենտրոնին՝ Մոսկվային, իրենց հավատարմությունն ընդգծելու համար ավելի կոշտ ու անհանդուրժող վերաբերմունք են ցուցաբերել հայ ընդդիմադիր կուսակցությունների և ընդհանրապես դեմոկրատական ազատությունների հարցում»:

Իր առջև դրված բազմաշերտ խնդիրները լուսաբանելիս հեղինակի համար գիտամեթոդական առումով ուղեցույց են հանդիսացել հայ, ռուս և օտար մտածողների, պատմաբանների, փիլիսոփաների, քաղաքագետների՝ Գ. Նժդեհի, Ն. Բերդյանի, Մ. Վոսլենսկու, Ա. Ավտորխանովի, Ն. Վերտի, Բ. Նիկոլաևսկու և այլոց աշխատությունները:

Պրոֆեսորի կարծիքով՝ պատմագիտական ժամանակակից պահանջների ոգով գրված սույն մենագրությունը կհետաքրքրի նաև Տնտեսագիտականի դասախոսներին և ընթերցողների  լայն շրջանակների:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին