Դեկան Ատոմ Մարգարյանի ծրագիրը արժանացել է DAAD հետազոտական դրամաշնորհին

Դիտումների քանակ՝ 1624

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանի ծրագիրը հաղթել է Գերմանիայի արտաքին ակադեմիական փոխանակության կազմակերպության (DAAD) հետազոտական դրամաշնորհային ծրագրերի մրցույթում: Օրերս ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի նստավայրում կազմակերպված ընդունելության ժամանակ դեսպան Մաթիաս Քիսլերը մեր համալսարանի ներկայացուցչին է հանձնել DAAD նախագահ Մարգրեթ Վինթերմանթելի հրավերը և դրամաշնորհային ծրագրի փաստաթղթերի փաթեթը։  Ընդունելությանը մասնակցել են ՀՀ-ում DAAD գրասենյակի ղեկավարը և շահառու գիտնական-հետազոտողներ, ասպիրանտներ և մագիստրանտներ տարբեր բուհերից։

Մեզ հետ ունեցած զրույցում Ատոմ Մարգարյանը տեղեկացրեց, որ DAAD այս տարվա  հետազոտական ծրագրերի մրցույթին  մասնակցել են  ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի 27 ներկայացուցիչների ծրագրեր, որոնցից 9-ը արժանացել են դրամաշնորհի։ DAAD դրամաշնորհը մեր համալսարանի ներկայացուցչին հնարավորություն կտա հուլիս-օգոստոս ամիսներին հետազոտական ծրագիր իրականացնել Շտուտգարտի Հոհենհայմ համալսարանում։ Ծրագրի գործընկերը և հյուրընկալող կողմը Հոհենհայմ համալսարանի Գիտության և միջազգայնացման հարցերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Անդրեաս Պիկան է, որը միաժամանակ այդ համալսարանի Ինովացիոն տնտեսագիտության ամբիոնի վարիչն է։

Ներկայացնելով ծրագիրը՝ Ատոմ Մարգարյանն ընդգծեց, որ DAAD ծրագրերի շրջանակներում գերմանացի գործընկերների հետ նա աշխատում է 1991 թվականից։ Այդ ժամանակահատվածում նա նմանօրինակ ծրագրեր է իրականացել Կոնստանցի, Աուգզբուրգի և Յենայի համալսարաններում։ Ներկայիս դրամաշնորհային ծրագրի թեման առնչվում է զարգացած և անցումային երկրների միջև տեխնոլոգիական խզվածքի հաղթահարման հիմնախնդիրներին։

Դեկան Մարգարյանը նշեց, որ այսօրինակ ծրագրերը թույլ են տալիս ոչ միայն համատեղ հետազոտություններ անցկացնել, այլև ձևավորել ուսանողների, ասպիրանտների և դասախոսների փոխանակության համար նոր հիմքեր և հնարավորություններ։ «Գերմանական այն համալսարաններում, որոնցում ես նախկինում նմանօրինակ ծրագրեր եմ իրականացրել, իմ խորհրդով և աջակցությամբ արդեն ուսանում կամ ասպիրանտական  ծրագրեր են իրականացնում մեր համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի մի շարք շրջանավարտներ»,-հավելեց Ատոմ Մարգարյանը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին