Աշխատանքային այց և օգտակար փորձառություն

Դիտումների քանակ՝ 1614

Եվրոպական Միության «Էրասմուս+» ծրագրով գործուղման մեկնած ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից օրերս Լեհաստանից  վերադարձել է միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի դասախոս Հասմիկ Հովակիմյանը: Մայիսի 23-27-ը ՀՊՏՀ դասախոսը աշխատել է Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում: Գործուղման առաջին օրն իսկ հանդես է եկել բաց դասախոսությամբ՝ «Ժամանակի կառավարումը որպես հաջողության գրավական», որի համար արժանացել է Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի ռեկտորի շնորհակալագրին: Հաջորդ օրերին  4 առարկայից դասախոսել է 1-ից 4-րդ կուրսերի մասնագիտական խմբերում: Օտարերկրացի ուսանողներից կազմված խմբում, ինչպես հավաստում է Հասմիկ Հովակիմյանը, առանձնահատուկ հետաքրքվածություն է եղել մեր բուհի դասախոսի առաջադրած թեմաների և հիմնախնդիրների շուրջ: Հարցադրումներում առանձնապես ակտիվ են եղել ադրբեջանցի ուսանողները:

«Աշխատանքային այցելությանս ընթացում ես հրաշալի հնարավորություն ստացա ոչ միայն դասախոսական փորձառությունս խորացնելու, այլև գործընկերային շփումներում փոխանակելու փորձ, գիտելիք, հմտություն: Հիմնականում 4 դասախոսի հետ աշխատեցի, որոնք ոչ միայն գիտնական էին, այլև գործնական ոլորտի հաջողակ ներկայացուցիչ, և իսկապես ուսանելի փորձառություն էր ինձ համար»,- ասում է Հասմիկ Հովակիմյանը, ապա պատմում, որ Պոզնանում հանդիպել է մեր համալսարանի ուսանողներին Սիրանույշ Հովհաննիսյանին, Սաթենիկ Եգորյանին և Արման Սարգսյանին, որոնք այդ օրերին արդեն ամփոփում էին 1 կիսամյակ տևողությամբ ուսումնառությունը:

«Մայիսի 23-ին համալսարանում նշվում էր Միջազգային օր, օտարերկրացի ուսանողները ներկայացնում էին իրենց համալսարանները: Սիրանույշն ու Սաթենիկը համակողմանի ու շատ գրավիչ ներկայացրին մեր համալսարանը՝ անդրադառնալով ամենավերջին ձեռքբերումներին. օրինակ` QR գրադարանին»,- պատմում է Հասմիկ Հովակիմյանը և հավելում, որ Պոզնանն իր մշակութային անցյալով ու ներկայով ևս ուշագրավ ու հաճելի շատ պահեր է պարգևել, իսկ քաղաքի խորհրդանիշ այծիկը, որի մասին  ժողովրդական ավանդապատում կա, տեղ  է գտել նաև համալսարանի տարբերանշանում:

Նշենք, որ մեր համալսարանում «Էրասմուս+» ծրագիրը համակարգում է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին