ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի 10 ուսանող՝ անվանական կրթաթոշակառու

Դիտումների քանակ՝ 1307

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում այսօր տեղի է ունեցել վայոցձորցի հայտնի գործարար ու բարերար, վաղամեռիկ  Մուրադ Սարգսյանի անվան կրթաթոշակի (ուսման վարձի մասնակի փոխհատուցում) վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, դասախոսներ, ուսանողներ, Սարգսյան ընտանիքի անդամները: Վկայականները հանձնել է Մուրադ Սարգսյանի կինը՝ Աննա Սարգսյանը: Կրթաթոշակի են արժանացել 1-ին կուրսի 10 ամենաբարձր առաջադիմություն ունեցող ուսանողները:

Մեզ հետ զրույցում տնօրեն Սոս Խաչիկյանը նշեց, որ միջոցառման օրը պատահական չէր ընտրված. այսօր Մուրադ Սարգսյանի ծննդյան օրն է:

«Արդեն մի քանի տարի է՝ օրը խորհրդանշական է մեր համալսարանում: Առաջավոր ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելով՝ Սարգսյանները խրախուսում և մոտիվացնում են նրանց, կոչ անում լավ սովորել»,-ասաց  տնօրենը:

Բացման խոսքում մասնաճյուղի տնօրենը ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի անունից ողջունել է Սարգսյանների նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել նրանց:

Սոս Խաչիկյանի խոսքով՝ մասնաճյուղի ուսանողներն ամեն տարի փորձառություն են անցնում Սարգսյաններին պատկանող ընկերություններում (Վայոց ձորի մարզ) և նրանցից շատերն աշխատանքի են անցնում հենց այդ կազմակերպություններում (գինու գործարան, հյուրանոց և այլն): Այսինքն, Սարգսյանները նաև խոշոր գործատու են ուսանողների համար:

Սարգսյաններին երախտագիտական խոսք է հղել 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Մանուկյանը և վստահեցրել, որ ջանք չի խնայելու  ուսման առաջադիմությունը էլ ավելի բարձրացնելու համար:

Հավելենք, որ գործարար ու բարերար Մուրադ Սարգսյանի ծննդյան օրվա առիթով 2012թ. մայիսի 27-ին ՀՊՏՀ  Եղեգնաձորի մասնաճյուղի գրադարան-ընթերցասրահը անվանակոչվել է Մուրադ Սարգսյանի անունով: Այն նաև թվային գրատախտակով, համակարգչով, հեռուստացույցով և DVD-ով  վերազինվել է Սարգսյանների ընտանիքի աջակցությամբ:

Շնորհավորում ենք կրթաթոշակի արժանացած ուսանողներին:

Հ.Գ. Լուսանկարները՝ մասնաճյուղից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին