Մեր ուսանողը՝ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի ուսանողական մրցույթի հաղթող. հանձնվել են մրցանակները

Դիտումների քանակ՝ 2181

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում երեկ հանդիսավոր կերպով ամփոփվեցին «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության 2015-2016թթ. ուսանողական մրցույթի առաջին փուլի արդյունքները, հանձնվեցին մրցանակները: Միջոցառմանը ներկա էին բուհերի պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ, ուսանողներ, հյուրեր: Մեր համալսարանից մասնակցել են ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանը: Մրցույթի առաջին փուլի հաղթողները երեքն են՝ մեկը ՀՊՏՀ ուսանող, 2-ը՝ ԵՊՀ: Մեր մրցանակակիրը ֆինանսական ֆակուլտետի ապահովագրական գործ մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Անահիտ Ավետիսյանն է:

Մրցանակակիրներից յուրաքանչյուրն  ստացավ 100 հազար դրամ, պատվոգիր և մրցույթի  2-րդ փուլին մասնակցելու հնարավորություն:  Նշենք, որ մրցույթը 2 փուլից է. առաջին փուլում անհրաժեշտ էր առաջադրված թեմաներով ներկայացնել  ռեֆերատներ, երկրորդ փուլում պահանջվում է մշակել և ներկայացնել նոր պրոդուկտ: Հաղթողը կստանա 300 հազար դրամ մրցանակ և «Ռոսգոսստրախ» մայր ընկերությունում (Ռուսաստան) պրակտիկայի հնարավորություն:

Բացման խոսքով հանդես եկավ ապահովագրական ընկերության անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանը: Ողջունելով մասնակիցներին՝ նա նշեց, որ մրցույթն անցկացվում է արդեն 2-րդ անգամ, ապա ներկայացրեց մրցույթի մասին տեղեկություններ: Անդրադարձ կատարվեց առաջին մրցույթի հաղթող ՀՊՏՀ ուսանող Աննա Ղալայանին, ով արդեն համալրել է ընկերության աշխատակիցների շարքերը:

Ուսանողների մրցանակները հանձնեց «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբատցյանը, ով ելույթում նշեց, որ իրենց ընկերությունը շարունակելու է աջակցել ուսանողներին: Նա խոսեց  բուհ-Ռոսգոսստրախ ռազմավարական գործընկերության մասին՝ անդրադառնալով բուհերի հետ գործակցության շրջանակներին. ուսանողական մրցույթներ, ստաժավորման ծրագրեր, անվանական կրթաթոշակի տրամադրում, վարպետության դասերի անցկացում և այլն:

Ելույթ ունեցան հայաստանյան տարբեր բուհերի ներկայացուցիչներ, շնորհակալական խոսք ասաց ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանը:

Մենք զրուցեցինք ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանի հետ, ով հպարտորեն փաստեց, որ արդեն 2-րդ անգամ, միջբուհական մրցույթում հաղթում են ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանողները: Դեկանը ողջունեց «Ռոսգոստրախ Արմենիա» ընկերության ինտելեկտուալ նախաձեռնությունը՝ շեշտելով, որ այն ուսանողներին գիտելիքներն իրացնելու, դրսևորվելու հնարավորություն է ընձեռում: Վահե Միքայելյանը համոզմունք հայտնեց, որ ապահովագրական գործ մասնագիտությունը Հայաստանում պահանջարկ է վայելում, ապահովագրական ոլորտը համեմատաբար երիտասարդ է, միևնույն ժամանակ՝  ամենաարագ զարգացողներից:

Աննա Ասլանյանը մեզ հետ զրույցում կարևորեց գործատուի հետ կապը, նշեց, որ լավ մասնագետի պահանջարկ մշտապես կա: «Կարող եմ ասել, որ մեր մասնագիտության  մագիստրատուրայի ուսանողների գերակշիռ մասն աշխատում է ապահովագրական ընկերություններում, բանկային համակարգում, ինչը վկայում է, որ մասնագիտությունը պահանջված է»,-ընդգծեց ամբիոնի ղեկավարը:

Մենք զրուցեցինք նաև ՀՊՏՀ մագիստրանտ, մրցույթի առաջին փուլի հաղթող Անահիտ Ավետիսյանի հետ: Հուզված, բայց հպարտության զգացումով լի ուսանողուհին ասաց, որ ներկայացրել է «Առողջության պարտադիր ապահովագրությունը Հայաստանում, ներդրման հեռանկարները և հնարավոր խոչընդոտները. միջազգային լավագույն փորձի կիրառումը Հայաստանում» թեմայով հետազոտական աշխատանք:

«Շատ ուրախ եմ, որ իմ աշխատանքը համարվել է լավագույններից մեկը: Բժշկական ապահովագրությանն առնչվող թեմայով նաև դիպլոմային աշխատանք եմ կատարել և կարելի է նշել, որ դա նպաստել է, որ այս մրցույթում թեման առավել համակողմանի ներկայացնեմ: Ուզում եմ նշել, որ ՀՊՏՀ-ում ստացած գիտելիքները գործնականում կիրառելի են, այդ գիտելիքների շնորհիվ է, որ այսօր արժանացել եմ լավագույնի կոչմանը»,-ասաց ուսանողուհին և նշեց, որ փորձելու է 2-րդ փուլում ևս հաղթել, ներկայացնել ուշագրավ աշխատանք:

Հավելենք, որ ՀՊՏՀ-ն և «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի  շրջանակներում ուսանողների համար  իրականացվում են մի շարք նախագծեր:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Լուսինե Գևորգյանն ասաց, որ Տնտեսագիտական մայր բուհի ուսանողները մշտապես աչքի են ընկնում ակտիվությամբ, գիտելիքներով և նրանցից լավագույնները շարունակում են համալրել  ընկերության աշխատակիցների շարքերը:

Շնորհավորում ենք մեր ուսանողուհուն, մրցույթի հաղթողներին և մաղթում հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին