ՀՊՏՀ-ականները ծանոթացել են Չինաստանի արտաքին քաղաքականությանը և արժանացել հավաստագրերի

Դիտումների քանակ՝ 2029

Դեկտեմբերի 15-20-ը Թեքեյան մշակութային կենտրոնում կայացել է  ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի կազմակերպած «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը, որին ՀՊՏՀ-ից  մասնակցել են գրադարանի աշխատակից Մարիամ Մնացականյանը  և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Բարսեղյանը:

Մասնակիցների ընտրությունը կատարվել է առցանց եղանակով՝ մոտիվացիոն նամակի և երաշխավորագրերի հիման վրա:

Հնգօրյա  սեմինարի ավարտին 23 մասնակցից միայն 19-ին, այդ թվում և ՀՊՏՀ աշխատակցին և ուսանողին, հաջողվել է  թիմային աշխատանքներում բավարար չափով միավորներ հավաքել և արժանանալ հավաստագրերի: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մեր մասնակիցները նշեցին, որ դասընթացը բացառիկ հնարավորություն էր հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև  Չինաստան-Ադրբեջան, Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին մանրամասն ծանոթանալու համար:  Դասընթացի նպատակն է եղել ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության համակողմանի քննարկումը, հայ երիտասարդ մասնագետներին գիտելիքներ և հմտություններ փոխանցելը։

Դասընթացը վարել են  հայ և օտարերկրացի մասնագետներ. զեկուցումներ են կարդացել

ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագիտական խորհրդի փոխնախագահ, Շենսիի մանկավարժական համալսարանի (Shaanxi Normal University) Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հրավիրյալ փորձագետ Վարդան Աթոյանը՝ «Չինաստանի արտաքին քաղաքականությունը և Հայաստանը» թեմայով, «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը «Հայ-չինական հարաբերությունները «Մեկ գոտի մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության համատեքստում» թեմայով, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի գիտության գծով տեղակալ, «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը՝  «Պարսից Ծոց - Սև ծով մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքը՝ որպես ՀՀ-ի՝ «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միանալու ռազմավարական հնարավորություն» թեմայով, Չինաստանի Նանջունգի համալսարանի միջազգային հարաբերությունների ասպիրանտ Դայ Յուլոնգը՝ «Չինաստանի  Հյուսիսային  կղզիների իրավական կարգավիճակը»  թեմայով, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհրդի ղեկավար, Չինաստանի հայկական համայնքի նախկին նախագահ Մհեր Սահակյանը՝  «Վերաիմաստավորելով Չինաստանի 21-րդ դարի արտաքին քաղաքականությունը» թեմայով, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի գիտաշխատող Ռաիսա Եպիխինան «Չինաստանի աշխատաշուկան», Չինաստանի Նանծինի համալսարանի դոկտորանտ, «Թվային Հայաստան» հիմնադրամի ռազմավարագետ  Անահիտ Պարզյանը՝  «Թվայնացված Չինաստան» թեմայով և այլք:

Մեր գործընկերոջ դասախոսության մասին ավելի վաղ ներկայացված հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://chinastan.org/2017/12/18/rethinkingchinava/ :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին