ՀՊՏՀ ներկայացուցիչների համահեղինակությամբ հոդվածը՝միջազգային մրցույթի հաղթող

Դիտումների քանակ՝ 1706

ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանի և տ.գ.թ., ֆինանսների ամբիոնի ասիստենտ Մանե Մաթևոսյանի «Սեփական ընթացիկ ակտիվներով ապահովվածության կանխատեսումը ՀՀ խմիչքներ արտադրող կազմակերպություններում» թեմայով գիտական հոդվածը «Գիտության հեռանկարներ-2016» գիտահետազոտական աշխատանքների միջազգային 3-րդ մրցույթում (Կազան) զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը: Հեղինակներն արժանացել են 2-րդ կարգի դիպլոմի: Մրցույթն անցկացվել է առցանց, հոդվածներն ուղարկվել են համապատասխան կազմակերպությանը և հստակ չափորոշիչներով (հետազոտության հրատապություն, աշխատանքի գիտականություն, գործնական և տեսական նշանակություն և այլն) ընտրվել են լավագույնները: Մրցույթը կազմակերպել է Կազանի   «Գիտելիք» (“Знание”) գիտակրթական կենտրոնը:

Աշոտ Մաթևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  մասնակցության հրավեր է ստացել կազմակերպիչներից: Անգլալեզու հոդվածն ուղարկվել է առցանց, մրցույթի արդյունքներն ամփոփվել են մայիսի 5-ին: Միջազգային մրցույթին մասնակցել են բուհերի ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ:

«Հոդվածում ներկայացրել ենք մեր կողմից մշակված նոր մոտեցում՝ հիմնված տնտեսամաթեմատիկական և վիճակագրական համալիր մեթոդների վրա և կարծում ենք, ստացված արդյունքներն  իրատեսական են և բխում են ՀՀ տնտեսության ներկա վիճակից:Մեր հետազոտությունը կիրառական է ֆինանսական կառավարման դրույթները մշակելու և կառավարչական որոշումներ կայացնելու համար»,-նշեց պրոֆեսորը:

Աշոտ Մաթևոսյանի փոխանցմամբ՝ ՀՊՏՀ-ից մրցույթին մասնակցել են նաև ասպիրանտներ Ալլա Հարությունյանը և Անի Միրզոյանը, նրանց հոդվածները մրցանակային տեղեր չեն զբաղեցրել, սակայն կտպագրվեն համապատասխան ժողովածուում:

Միջազգային մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ «Գիտելիք» կենտրոնի պաշտոնական կայքում, հետևյալ հղումով՝ goo.gl/FOSSii :

Շնորհավորում ենք հեղինակներին, մաղթում նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակյնության հետ կապերի բաժին