Դասախոսեց «Արարատ» բանկի վարչության նախագահի տեղակալը

Դիտումների քանակ՝ 1583

Ֆինանսական ֆակուլտետում այսօր «Վարկային ռիսկի կառավարմանն ուղղված ժամանակակից միջոցառումները» թեմայով դասախոսություն վարեց «Արարատ» բանկի վարչության նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանը: Հյուրին դիմավորեց և  ներկայացրեց ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը: Դասախոսությանը ներկա էին  մեր համալսարանի Բանկային գործ և ապահովագրության ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանը, նույն ամբիոնի դասախոս Անահիտ Ներսիսյանը:

Դավիթ Հարությունյանը խոսեց վարկավորման գործընթացներում ընդգրկված ստորաբաժանումների մասին՝ առանձին-առանձին անդրադառնալով վարկավորման, ռիսկերի կառավարման ստորաբաժանումներին,  ֆինանսական վերլուծաբաններին, իրավաբանական ծառայությանը, վարկային կոմիտեին,  հետգործառնական գրասենյակին, թվեց դրանց գործառույթները: Այնուհետև բանախոսը կանգ առավ վարկային ռիսկերի կառավարման վրա՝ նշելով ռիսկերի ծագման աղբյուրները, մակարդակները, խոսեց վարկային ռիսկի գնահատման բաղադրիչների մասին և այլն: Դասախոսությունն անցավ ինտերակտիվ ձևաչափով, հընթացս ուսանողներն ուղղում էին իրենց հարցերը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ապահովագրական գործ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սիրվարդ Հակոբյանը նշեց, որ նմանօրինակ դասախոսությունները կարևոր են ու հետաքրիր, ոլորտում աշխատող  փորձառու մասնագետները գործնական գիտելիքներ են փոխանցում ուսանողներին:

Հավելենք, որ  ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը ֆինանսական ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր սեմինարների շարք, որի շրջանակում երեկ և այսօր մեր համալսարանում դասախոսեցին «Արարատ» բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը և նրա տեղակալ Դավիթ Հարությունյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին