Հավաստագրեր ստացան մեր համալսարանում վերապատրաստված ՀՀ քաղծառայողները
ՀՀ քաղծառայողների համար ՀՊՏՀ-ում կազմակերպված վերապատրաստման դասընթացները (գարնանային փուլի 1-ին խումբ) այսօր եզրափակվեցին, որից հետո նրանց հանձնվեցին որակավորման հավաստագրերը:
«Վիճակագրական վերլուծության մեթոդներ» ուղղությամբ ապրիլի 25-ից մայիսի 6-ը վերապատրաստվել են բարձրագույն և գլխավոր (18), առաջատար և կրտսեր (12) պաշտոններ զբաղեցնող 30 քաղծառայողներ:
Հավաստագրերը հանձնեց և քաղծառայողներին շնորհավորեց մեր բուհի շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի պետ Աիդա Առուստամյանը, նույն կենտրոնի առաջատար մասնագետ Սեդա Մանուկյանը:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ վիճակագրության ամբիոնի պրոֆեսոր Մարտին Ֆահրադյանը, քննարկվեցին վերապատրաստման դասընթացների բարելավմանն ուղղված հարցեր, քաղծառայողները ներկայացրեցին իրենց առաջարկությունները:
Աիդա Առուստամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Վիճակագրական վերլուծության մեթոդներ» ուղղությամբ դասընթացն, անշուշտ լրացրել է քաղծառայողների գիտելիքներն ու կնպաստի նրանց աշխատանքին՝ ժամանակակից մեթոդներով, վիճակագրական ծրագրային փաթեթի կիրառմամբ տվյալների վերլուծություն կատարելու տեսանկյունից: Կենտրոնի պետը նշեց նաև, որ այս փուլի մասնակիցների մեծ մասը Ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցներ էին:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հայտարարած 2016թ. մրցույթում ՀՊՏՀ-ն ներկայացրել և շահել է 3 ծրագիր՝ «Վիճակագրական վերլուծության մեթոդներ», «ՀՀ արտաքին տնտեսական կապերը և Եվրասիական միությունը», «Շրջակա միջավայրի և բնառեսուրսային պոտենցիալի ռացիոնալ օգտագործում և կառավարում»: Նշված ծրագրերի շրջանակներում մեր համալսարանում կազմակերպվում են ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընթացներ:
Մայիսի 10-ին կմեկնարկեն քաղծառայողների 2-րդ խմբի դասընթացները, որով և կեզրափակվի գարնանային փուլը: Երկրորդ փուլը կմեկնարկի աշնանը:
Շնորհավորում ենք վերապատրաստված քաղծառայողներին և աշխատանքում մաղթում հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին