Ավարտական աշխատանքներ են պաշտպանում մարքեթինգ մասնագիտության ուսանողները

Դիտումների քանակ՝ 2237

ՀՊՏՀ շուկայաբանություն (մարքեթինգ) մասնագիտության 4-րդ կուրսում այսօր ավարտական (դիպլոմային) աշխատանքների պաշտպանություն է:

Մեր այցելության պահին «Նոր ապրանքների գնային քաղաքականության և մշակման առանձնահատկությունները» թեմայով աշխատանք էր  ներկայացնում ուսանողուհի Սիրանույշ Գրիգորյանը:

Նշված մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, տ.գ.թ., դոցենտ Բելլա Գաբրիելյանը:

Մեզ հետ զրույցում ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Արարատ Զաքարյանն ասաց, որ այսօր մարքեթինգ մասնագիտությամբ առաջին պաշտպանություններն են, եղել են փայլուն ելույթներ, հանձնաժողովը տպավորված է:

«Այսօր պաշտպանում են 12 ուսանողներ: Պաշտպանությունն անցնում է կազմակերպված, պատշաճ մակարդակով: Տպավորված ենք Աննա Ալավերդյանի, Լյուսի Գրիգորյանի, Աննա Պետրոսյանի աշխատանքներից: Նրանց թեմաները նոր և հետաքրքիր էին՝ «Կանաչ մարքեթինգի զարգացումը Հայաստանում», «Մարքեթինգի առանձնահատկությունները ՀՀ նորաձևության ոլորտում», «Մշակութային գործոնների ազդեցությունը գլոբալ շուկայում՝ կազմակերպության առաջմղման և բրենդի ձևավորման  վրա»: Հարկ է ընդգծել, որ ուսանողները գրագետ վերլուծություններ էին կատարել և ներկայացրել առաջարկություններ, որոնք կարող են կիրառական լինել համապատասխան ոլորտներում»,-ասաց Արարատ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ առկա բակալավրիատում ավարտական աշխատանքների պաշտպանությունները  մեկնարկել են ապրիլի 25-ին և կտևեն մինչև  մայիսի 26-ը:

Մեր շրջանավարտներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին