ՀՊՏՀ-ականների համար դասախոսեց «Արարատ» բանկի վարչության նախագահը
Մեր համալսարանում այսօր հյուրընկալվեց «Արարատ» բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, ով ֆինանսական ֆակուլտետի ուսանողների համար բանախոսեց «Բանկային համակարգի զարգացման համաշխարհային միտումները» թեմայով: Հյուրին դիմավորեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը և ուղեկցեց լսարան, որտեղ ներկա էին ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը, կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետ Վլադիմիր Գևորգյանը, դասախոսներ, բուհի աշխատակիցներ, ուսանողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ ՀՊՏՀ-ն սերտ համագործակցություն ունի հայաստանյան առաջատար բանկերից մեկի՝ «Արարատ» բանկի հետ, որի շրջանակներում իրականացվում են համատեղ ծրագրեր, կազմակերպվում են դասախոսություններ:
Աշոտ Օսիպյանն իր հերթին նշեց, որ ՀՊՏՀ-ն հայաստանյան առաջատար բուհերից է և «Արարատ» բանկը կարևորում է բուհի հետ փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ «Արարատ» բանկը գործատու է և կադրերի ընտրության ու համալրման գործում մեծ նշանակություն ունի ՀՊՏՀ-ի հետ համագործակցությունը:
Դասախոսության շրջանակներում «Արարատ» բանկի վարչության նախագահն անդրադարձավ բանկային համակարգի զարգացման արդի միտումներին, խոսեց բանկային գործունեության կարգավորման, նոր պայմաններում բանկային գործի մասին, որը թիմային աշխատանքի, սքորինգի նոր մոդելների, վաճառքի նոր ուղիների, ինտերնետ բանկինգի, մոբայլ բանկինգի, էլեկտրոնային մասնաճյուղերի և այլնի ամբողջություն է:
Բանախոսը պատասխանեց ունկնդիրների հարցերին:
Հանդիպումը կազմակերպել էր ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: Հիշեցնենք, որ վաղը ժամը 12.00-ին, նույն ֆակուլտետում «Վարկային ռիսկի կառավարմանն ուղղված ժամանակակից միջոցառումները» թեմայով դասախոսություն կվարի բանկի վարչության նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին