Հետազոտության շնորհանդես. ուսումնասիրություն՝ Արագածոտնի զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրների շուրջ

Դիտումների քանակ՝ 1743

Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները կատարել են «Արագածոտնի մարզի զբոսաշրջային ներուժի զարգացման հիմնախնդիրները» թեմայով հետազոտություն,  որի շնորհանդեսն այսօր էր՝ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Կարեն Գրիգորյանի, պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և ուսանողների մասնակցությամբ: Հրավիրված էին նաև Աշտարակի քաղաքապետարանի զբոսաշրջության պատասխանատու Արթուր Ոսկանյանը և Ակներ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Հակոբյանը:

Բացման խոսքում Կարեն Գրիգորյանն ընդգծեց, որ իրենց ամբիոնը բակալավրիատի ավարտական կուրսերում հետազոտական հմտությունների բարելավումը կարևորում է նույնքան, որքան մագիստրատուրայում, և այս նկատառումով՝ ուսանողները ներգրավվում են մի շարք հետազոտություններում:

Հետազոտական խմբի ղեկավարը մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Ծովինար Կարապետյանն է, ով ելույթում այսպես պարզաբանեց թեմայի ընտրությունը. «Վերջերս 4-րդ կուրսում հարցրի՝ լսարանում շա՞տ են մարզերից ուսանողները: Ի պատասխան, եվրոպական արտաքինով մի երիտասարդ ասաց, որ ինքը Ակներ գյուղից է: Այդպես հասունացավ մարզերի զբոսաշրջային հիմնախնդիրներին նվիրված հետազոտություն հանձնարարելու գաղափարը»:

Ինչպես հնչեց ուսանողների զեկուցումներում՝ հետազոտողները եղել են Արագածոտնի տարբեր համայնքներում, ուսումնասիրել մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, լուսանկարել պատմական ու տեսարժան վայրերը: Մշակվել է մարքեթինգային միջոցառումների համակարգ, աշխատանքի ծավալուն մասն են կազմում սոցիալական հարցումների արդյունքները, որոնք վերաբերում են մարզում զբոսաշրջության զարգացմանն ուղղված հնարավոր միջոցառումներին:

ՀՊՏՀ-ականներին մեծապես աջակցել են Արագածոտնի մարզպետարանն ու Աշտարակի քաղաքապետարանը՝ տրամադրելով մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող պաշտոնական տեղեկատվություն: Հետազոտողները համագործակցել են նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ, պատրաստել նորարարական GIF գրաֆիկական պատկերներ, որոնք զբոսաշրջիկներին կներկայացնեն Արագածոտնի ուշագրավ վայրերը:

Հետազոտության արդյունքներն ամփոփվել են սկավառակում, որոնք կտրամադրվեն Արագածոտնի մարզպետարանին՝ հրապարակման համար:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդնորություններն`    այստեղ