Հետազոտում են մագիստրանտները. շնորհանդեսներ՝ քննություններին ընդառաջ

Դիտումների քանակ՝ 1578

Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը մագիստրոսական խմբերում կիրառում է դասավանդման նոր մոտեցումներ՝ նպատակ ունենալով ուժեղացնել գիտահետազոտական բաղադրիչը: Արդեն 3-րդ տարին է՝ բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտացման ուսանողները, քննություններին  ընդառաջ, քննական թեմաներով հետազոտական աշխատանքներ են կատարում, հանդես գալիս շնորհանդեսներով, կազմակերպում քննարկումներ:  Մագիստրատուրայի 1-ին կուրսում, «Կլիմայի փոփոխության տնտեսական հիմնահարցեր» առարկայի շրջանակում  այսօր հերթական  շնորհանդեսն էր, հետազոտության արդյունքներ ներկայացրեցրին  7 ուսանողներ: Միջոցառմանը  հրավիրված էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, մասնակցում էին նշված ամբիոնի դասախոսները:

Առաջին զեկուցումը՝ «ՀՀ տնտեսության և էներգիայի զարգացման առանձնահատկությունները» թեմայով, ներկայացրեց Արտյոմ Քոսակյանը: Մագիստրանտն ուսումնասիրել էր այլընտրանքային էներգետիկայի զարգացման հնարավորությունները մեր երկրում, առանձնահատուկ անդրադարձել հրատապ հարցի՝ արևային էներգիայի զարգացման ներուժին, կիրառման արդյունավետությանը:

Զեկուցողներին հարցեր ուղղեցին պրոռեկտորներն ու դասախոսները: Գագիկ Վարդանյանը ոգևորեց ուսանողներին՝ նշելով, որ նրանց առաջարկություններն արժեքավոր կարող են լինել ՀՀ Կառավարության համար: Ի դեպ, այսօրվա 7 զեկուցողներից 5-ը գերազանց առաջադիմությամբ են սովորում:

«Մագիստրանտները խանդավառությամբ են հետազոտում ուսումնական ծրագրում ընդգրկված թեմաները և նշում են, որ այս մեթոդը մեծապես նպաստում է քննություններին պատշաճ ներկայանալուն»,-մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Գևորգյանը:

Օրերս շնորհանդես է տեղի ունենալու մագիստրոսական մեկ այլ խմբում՝ «Պարենային անվտանգություն» առարկայի շրջանակում:

  

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդնորություններն`    այստեղ