ՀՊՏՀ-ն ունի QR գրադարան. կայացավ հանդիսավոր բացումը
Մեր ուսանողներին այսուհետ ակնթարթորեն հասանելի կլինեն ՀՊՏՀ գրադարանի ամենապահանջված գրքերը. կարիերայի և մարքեթինգի կենտրոնի նախաձեռնությամբ և «Ucom» ընկերության աջակցությամբ ՀՊՏՀ-ում գործում է QR գրադարան, որի հանդիսավոր բացումը կատարվեց այսօր: Արարողությանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետ Վլադիմիր Գևորգյանը, գլխավոր մասնագետ Գրիշա Ամիրխանյանը, «U com» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը, նույն ընկերության աշխատակիցներ, բուհի աշխատակիցներ, ուսանողներ:
Ռեկտորը, պրոռեկտորները ծանոթացան և առաջիններից մեկը փորձարկեցին էլեկտրոնային գրադարանը: Բակում տեղադրված սարքը հնարավորություն է տալիս առկա ցանկից բջջային հեռախոս ներբեռնել գրքի էլեկտրոնային տարբերակը: QR-ը կոդ է, որը թույլ է տալիս բջջային հեռախոս ներբեռնել գրքի ամբողջական տարբերակը (QR հապավումը նշանակում է արագ պատասխան):
Ուսանողները ռեկտորի հետ զրույցում ասացին, որ նոր գրադարանը ոչ միայն անհրաժեշտ և օգտակար է, այլև մոտիվացնող, գիրք բեռնելու գործընթացը բավականին գրավիչ է:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ վերջին տարիներին ՀՊՏՀ գրադարանը թվայնացնում է գրքերը և սա այդ գործի բաղկացուցիչ մասն է, ինչը, միանշանակ կնպաստի ուսանողների արդյունավետ ուսումնառությանը:
«Եթե նախկինում ուսանողը պետք է գրադարանում երկար ժամանակ անցկացներ որևէ գիրք կարդալու համար, այժմ արդեն կարող է սեփական հեռախոսում ունենալ ամբողջ գիրքը և ցանկացած պահի օգտվել դրանից»,-ասաց ռեկտորն ու հավելեց, որ կարևորվում է համալսարանում նոր տեխնոլոգիաների ներդրումը:
Ուսանողների խանդավառ հետաքրքրությունը չէր դադարում QR գրադարանի նկատմամբ, նրանք շարունակ փորձարկում էին և բացահայտում նոր գրադարանից օգտվելու կանոնները:
Նշենք, որ այս պահին ՀՊՏՀ-ն միակ հայաստանյան բուհն է, որն ունի QR գրադարան:
QR գրադարանը գործում է ՀՊՏՀ տարածքում, համապատասխան սարքը տեղադրված է համալսարանի բակում: Արդեն մի քանի օր է՝ դիզայներական հետաքրքիր լուծումներով աչքի ընկնող գրադարանն ամբողջացնում է ՀՊՏՀ բակի գրավիչ տեսքը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին