Կարոլ Կարսկին՝ ՀՊՏՀ-ում. դասախոսությունը նվիրված էր ցեղասպանություն տերմինի հեղինակ Ռաֆայել Լեմկինին
Վարշավայի համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, Վարշավայի հումանիտար գիտությունների համալսարանի պրոֆեսոր, Եվրոպական Խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի բյուրոյի անդամ Կարոլ Կարսկին այսօր ՀՊՏՀ-ում հանդես եկավ «Ռաֆայել Լեմկին՝ ցեղասպանություն տերմինի հեղինակը» խորագրով բաց դասախոսությամբ, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, դեկաններ, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ, հյուրեր: Հանդիպումը նախաձեռնել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:
Մինչ դասախոսությունը հյուրին իր աշխատասենյակում ընդունեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ համառոտ ներկայացնելով համալսարանի գործունեությունը, շնորհակալություն հայտնելով դասախոսության համար: Պրոֆեսոր Կարոլ Կարսկին իր հերթին շնորհակալություն հայտնեց Տնտեսագիտական համալսարանում դասախոսությամբ հանդես գալու հնարավորության համար: Անդրադարձ եղավ նաև համագործակցության հեռանկարներին:
Հանդիսությունների դահլիճում արդեն ողջույնի խոսքով հանդես եկավ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ներկայացրեց հյուրին, նրա գործունեությունը, շեշտեց, որ ՀՊՏՀ-ն Լեհաստանի հետ համագործակցություն ունի դեռևս 70-ական թվականներից, այսօր էլ մեր ուսանողները «Էրասմուս +» ծրագրի շրջանակներում գտնվում են Լեհաստանի տարբեր քաղաքաներում :
Կարոլ Կարսկին նշեց, որ իր համար մեծ պատիվ է դասախոսությամբ հանդես գալ ՀՊՏՀ-ում, որը բարձր վարկանիշ ունի Հանրապետությունում: «Հանդիպում ենք հայերի համար առանձնահատուկ օրերին. այս տարի Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն է: Երբ հանդիպում են հայերն ու լեհերը և խոսում Ցեղասպանության մասին, չի կարելի չխոսել լեհ պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինի մասին, մարդու, ով ստեղծել է ցեղասպանություն բառի գաղափարը: Նա նշում էր, որ ստեղծելով ցեղասպանություն բառը, ցեղասպանություն եզրույթը, հիմնվել է նաև Հայոց ցեղասպանության վրա, որը տեղի է ունեցել 1915 թվականին»,-նշեց Կարոլ Կարսկին:
Պարզաբանելով ցեղասպանություն տերմինը՝ բանախոսը այն ներկայացրեց նաև միջազգային իրավունքի տեսակետից, որում այն ընկալվում է որպես հանցագործություն, ապա նշեց, որ այն ներկայացված է 1948 թ. Ցեղասպանության, ոճրագործության կանխարգելման և պատժման կոնվենցիային վերաբերող բանաձևում:
Անդրադարձ կատարվեց Ռաֆայել Լեմկինի կյանքին և գործունեությանը, հատկապես Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում էական դերակատարությանը: «Լեմկինը հետաքրքրվում էր այն հանցագործության բովանդակությամբ, որը հետագայում ներառվում է ցեղասպանության գաղափարի մեջ, հետաքրքրվում էր թուրքերի կողմից հարյուր հազարավոր հայերի անպատիժ կոտորածներով։ Պատահական չէ, որ Լեմկինին անվանել են Ցեղասպանության կոնվենցիայի հայր»,- ասաց նա:
Բանախոսն ընդգծեց հայ և լեհ ժողովուրդների նմանությունը. երկուսն էլ ցեղասպանություն են տեսել: Նա համոզմունք հայտնեց, որ լեհերը հիանում են հայերի պահանջատիրությամբ, որը թույլ չի տալիս միջազգային հանրությանը մոռանալ հայերի ցեղասպանությունը: Կարոլ Կարսկին, եզրափակելով դասախոսությունն՝ ընդգծեց, որ պետք է միշտ հիշել ցեղասպանության զոհ դարձածներին:
Ունկնդիրները բանախոսին հղեցին իրենց հարցերը: Վերջում պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը համալսարանի կողմից հուշանվեր հանձնեց հյուրին և շնորհակալություն հայտնեց հետաքրքրական դասախոսության համար:
Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրիտյուֆ Նանսենի հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը, ով ոսկե հուշամեդալով պարգևատրեց պրոֆեսոր Կարոլ Կարսկիին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին