Մշակվում է ագրոապահովագրության ներդրման հայեցակարգ. տեղի ունեցավ գիտաուսումնական խմբի հերթական սեմինարը

Դիտումների քանակ՝ 1326

Մեր համալսարանում ընթանում է  գիտաուսումնական  խմբերի հաշվետվությունների  2-րդ՝ միջանկյալ փուլը: Այսօր  «Գյուղատնտեսության ապահովագրության հայեցակարգային դրույթների մշակման ընթացքի և կիրառման նախադրյալների մասին» խորագրով հաշվետվություն ներկայացրեց «Ագրոապահովագրություն» գիտաուսումնական խումբը: Հաշվետվությանը ներկա էին  ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցները, բուհի աշխատակիցներ, ասպիրանտներ: Խմբի գիտական ղեկավարն է   «Ամբերդի»  տնօրեն, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, անդամներն են տ.գ.դ., ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ, պրոֆեսոր Հրաչյա Ծպնեցյանը (հրավիրված փորձագետ է), տ.գ.թ.,ասիստենտ Արմեն Վարդանյանը և տ.գ.թ., դոցենտ Արման Դաղունցը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ նշելով, որ խմբի ուսումնասիրության թեման մեր հանրապետության համար ունի կարևոր՝ սոցիալ-տնտեսական նշանակություն: Պրոռեկտորը անհրաժեշտ համարեց բոլոր  գիտաուսումնական խմբերի միջև համագործակցությունը, միմյանց ունկնդրելու, համատեղ քննարկումներ անցկացնելու հանգամանքը:

Ղեկավար Սամվել Ավետիսյանը հանդես եկավ ԳՈՒԽ աշխատանքը ներկայացնող համակողմանի զեկուցմամբ: Պրոֆեսորը նշեց, որ ՀՀ-ի համար ագրոապահովագրության համակարգի ներդրումը կարևոր է, և ներդրման  հնարավորությունների ուսումնասիրությամբ  շատերն են զբաղվում, նույնիսկ՝ մի շարք միջազգային կազմակերպություններ: ՀՊՏՀ-ն ուսումնասիրել է  ագրոապահովագրության ներդրման հնարավորությունները, ստանձնել  հայեցակարգի մշակման գործը: Ներկայացնելով կատարված աշխատանքը՝ Սամվել Ավետիսյանը նշեց՝ ուսումնասիրվել է միջազգային փորձը, հիմնավորվել է ագրոապահովագրության համակարգի ներդրման անհրաժեշտությունը, գնահատվել են ռիսկերը, հաշվարկվել են համապատասխան ապահովագրավճարները և այլն: Հնչեցին եզրակացություններ՝ Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի, մի շարք այլ երկրների փորձի ուսումնասիրությունից: Բանախոսն ասաց, որ   քննարկումներ է ունեցել նաև միջազգային փորձագետների հետ և  ընդհանրացրեց նրանց նկատառումները, կատարեց հետևություններ:

Հաջորդ զեկուցողը Արմեն Վարդանյանն էր, ով անդրադարձավ  ագրոապահովագրության հայեցակարգի բովանդակությանը: Դիտարկելով ապահովագրության  ներդրման անհրաժեշտության պատճառները՝ հետազոտողը նշեց, օրինակ, վերջին շրջանում բնակլիմայական պայմանների վատթարացումը, վնասների լիարժեք հատուցման մեխանիզմների բացակայությունը: Խոսվեց նաև ագրոապահովագրության համակարգի ներդրման հետ կապված խնդիրների մասին, վերջում ներկայացվեցին  հայեցակարգի իրացման միջոցառումները  (ճանապարհային քարտեզ):

Զեկուցումները եզրափակվեցին Հրաչյա Ծպնեցյանի ելույթով. պրոֆեսորն անդրադարձավ  ագրոապահովագրության սակագների հաշվարկման համար առաջարկվող մեթոդական մոտեցումներին և դրանց հիման վրա կատարված հաշվարկների արդյունքներին, համակարգի ներդրման կարևոր նախապայմաններին: Ներկայացվեց Երևանի և ՀՀ մարզերի համար  հաշվարկված արդյունքները (ՀՀ դրամով)՝  մշակաբույսերի և բազմամյա տնկարկների համար:

Ելույթներից հետո հետազոտական խմբի անդամներին ուղղվեցին հարցեր, ծավալվեց քննարկում: Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը շեշտեց, որ սեմինարը դրական տպավորություն թողեց՝ ցույց տալով, որ խումբը կատարել է արդյունավետ աշխատանք: Ներկայացնելով մի քանի նկատառումներ՝ պրոռեկտորը հույս հայտնեց, որ արդեն ավարտուն հետազոտությունը հետաքրքրություն կառաջացնի Կառավարությունում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին