Մեր խիզախ ուսանողը՝ առաջնագծում

Դիտումների քանակ՝ 1257

ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանող Նարեկ Ավանեսյանը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2014 թվականի հունիսի 24-ին: Այս օրերին ԼՂՀ պաշտպանության բանակի հարավարևելյան հատվածի առաջնագծում սերժանտ, տանկի հրամանատար Նարեկ Ավանեսյանը հանդես է բերել բարձր մարտունակություն ու խիզախություն՝ մարտական գործողությունների ընթացքում կասեցնելով թշնամու հարձակումը և անառիկ պահելով մեր դիրքը: Այս մասին է պատմում «Շանթ» հեռուստաընկերության ապրիլի 7-ի hատուկ թողարկումը, որը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ shanttv.com/am/news/political/2016_04_07/17879/, 53.29-րդ րոպեից:

Շուրջ երկու տարի բանակային  առօրյայում մեր ուսանողը հարստացրել է իր ռազմական գիտելիքները, կոփվել ու առնականացել:

Այժմ էլ Նարեկն առաջնագծում է, վստահաբար պաշտպանում է մեր սահմանը: Երկու ամսից մեր զինվորը վերադառնալու և հարազատ համալսարանում շարունակելու է ուսումը:

Հպարտ ենք մեր ուսանող-զինվորներով, ովքեր հայոց բանակում  պատվով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները և պաշտպանում են հայրենիքի սահմանները:

Բոլորին մաղթում ենք կուռ կամք, տոկունություն և անփորձանք ծառայություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին