Խիզախ հայրենյաց զավակներին առաջնորդողը մայրական օրհնանքն է. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ապրիլյոթյան ուղերձը

Դիտումների քանակ՝ 1082

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի կանայք ու աղջիկներ, մայրեր ու քույրեր,

Ցավոք, մայրության և գեղեցկության տոնն այսօր ցավի ու կսկիծի, անդառնալի կորուստները սգալու օր է: Այնուհանդերձ, այն չենք կարող անտեսել ու չասել ձեզ սիրո ու ջերմության խոսքեր՝ վերահաստատելով ձեր անուրանալի դերը հայ ընտանիքի ստեղծման ու կայացման, առողջ ու տաղանդաշատ զավակներ ծնելու ու  դաստիարակելու գործում:

Մեր հայրենիքի համար օրհասական ժամերին ձեր կամքն ու խոսքը առաջնորդում է ձեր զավակներին, եղբայրներին, հայրերին ու ամուսիններին, և բազմիցս հայրենիքի ազատության զոհասեղանին է դրվում նրանց թանկագին կյանքը:

Այդպես է նաև այսօր: Հայ ժողովուրդը կրկին ոտքի է ելել՝ պաշտպանելու մայր հայրենիքը՝ իր մորն ու հորը, ընտանիքը, հողը հայրենի: Ու կրկին խիզախ ու աննկուն հայրենյաց զավակներին առաջնորդողը ձեր մեծ լավատեսությունն է, հավատը, մայրական օրհնանքը:

Սիրելի կանայք, ձեզ մաղթում եմ առողջություն, ուժ ու կորով՝ այս դժվարին օրերին ձեր սիրելիներին քաջալերելու, սփոփանք ու համբերություն՝ սիրասուն զավակների ու եղբայրների անդառնալի կորուստը սգալու համար:

Համաքայլ են ծնունդն ու մահը, տոնն ու սուգը: Թող շուտափույթ խաղաղություն հաստատվի մեր հինավուրց ու հպարտ հայրենիքում, թող այսուհետ ձեր աչքերին շողան միայն երջանկության արցունքներ:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր

ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ