Մեկնարկեցին ԳՈւԽ սեմինարները. ՈւԿ-ների դերը քաղաքական գործընթացներում
ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի միջանկյալ հաշվետվությունների 2-րդ փուլը մեկնարկեց այսօր՝ «Ուղեղային կենտրոնները արդի քաղաքական գործընթացներում» ԳՈւԽ սեմինարով: Հաշվետվությանը ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գիտության բաժնի աշխատակիցներ, ասպիրանտներ:
Սեմինարն սկսվեց 1 րոպե լռությամբ. մասնակիցները հարգանքով հիշեցին այս օրերին Արցախում զոհված մեր հերոսներին:
Ողջունելով ներկաներին՝ Գագիկ Վարդանյանը կարևորեց համալսարանական գիտության զարգացումը, ընդգծեց գիտաուսումնական խմբերի շրջանակներում կատարվող աշխատանքի անհրաժեշտությունը:
Նշենք, որ «Ուղեղային կենտրոնները արդի քաղաքական գործընթացներում» ԳՈւԽ խմբի ղեկավարն է «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, տ.գ.թ., դոցենտ Վարդան Աթոյանը, խմբի անդամներն են փ.գ.թ., դոցենտ Սոֆյա Օհանյանը, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի ավագ լաբորանտ Արփինե Մալքջյանը:
Խմբի ղեկավարը նշեց, որ այս հետազոտությունը բացառիկ է՝ որպես հայաստանյան ուղեղային կենտրոնների դերի հետազոտության առաջին փորձ և հավելեց, որ մեր երկրում կան ավելի քան 60 ուղեղային կենտրոններ: Վարդան Աթոյանը ամփոփ ներկայացրեց իրենց աշխատանքի առանցքային ուղղությունները, անդրադարձավ ՈւԿ-ների կայացման, զարգացման փուլերին, գործառույթներին, տիպաբանությանը, համագործակցության ձևերին և այլն:
Արփինե Մալքջյանը զեկուցմամբ դիտարկեց ՈւԿ-ները՝ քաղաքական դերակատարների համակարգում: Բանախոսը կանգ առավ ՈւԿ-ների զարգացման ուղղությունների, գործունեության ռազմավարության, աշխատանքի արդյունավետության չափանիշների, մեթոդաբանության հիմնական տեխնոլոգիաների, քաղաքական որոշումների մշակման մեթոդաբանության և այլ հարցերի վրա:
Վերջին զեկուցողը Սոֆյա Օհանյանն էր, ով ներկայացրեց ՀՀ-ում ՈւԿ-ների դերը քաղաքական գործընթացներում: Այս համատեքստում խոսվեց ՈւԿ-ների զարգացման փուլերի, ըստ չափորոշիչների դրանց գնահատման, դասակարգման, գործունեության թերությունների մասին: Ինչպես ասաց Սոֆյա Օհանյանը՝ եզրակացություններն ու առաջարկությունները մշակման փուլում են և կներկայացվեն ամփոփ հաշվետվությամբ:
Զեկուցումներից հետո ներկաները հարցեր ուղղեցին, և ծավալվեց քննարկում:
Հավելենք, որ ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի աշխատանքը կամփոփվի հունիսին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին