ՀՊՏՀ շախմատի թիմը՝ ուսանողական հանրապետական խաղերի մրցանակակիր
Օրերս շախմատի մրցաշարով մեկնարկել են 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը։ ՀՊՏՀ-ն մեկնարկը հաջող է սկսել. մեր շախմատի հավաքականը գրավել է 2-րդ մրցանակային տեղը, իսկ անհատական մրցավեճում կրկին 2-րդ տեղն է գրավել ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Էդուարդ Մկրտչյանը: ՀՊՏՀ շախմատի աղջիկների թիմը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս, շախմատի թիմի մարզիչ Լյուդմիլա Հովհաննիսյանը գոհունակություն հայտնեց տղաների խաղից՝ առանձնահատուկ ընդգծելով անհատական պայքարում արծաթե մեդալի արժանացած Էդուարդ Մկրտչյանի խաղը:
Արծաթե մեդալ նվաճած ՀՊՏՀ շախմատի տղաների թիմի անդամներն են Էդուարդ Մկրտչյանը, ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Դավիթ Մովսիսյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գրիշա Վահրամյանը, կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արթուր Եգորյանը:
Ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ կմասնակցի Հայաստանի և Արցախի 20 բուհերի շուրջ 2500 ուսանող:
Հավելենք, որ առաջիկայում՝ մարզական խաղերի գարնանային փուլում, կկայանան սեղանի թենիսի (տղաներ, աղջիկներ), բասկետբոլի (աղջիկներ), վոլեյբոլի (տղաներ), ֆուտզալի (աղջիկներ), ձյուդոյի (տղաներ) առաջնություններ:
Հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։
Հ.Գ. Լուսանկարը՝ ՀԵՀ պաշտոնական կայքից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին