ՀՊՏՀ-ականներն աջակցում են հայ զինվորին. անհրաժեշտ օգնությունը կուղարկվի Արցախ
Առաջին բուժօգնության պարագաներ, սնունդ, ծխախոտ, գուլպաներ, տաք ծածկոցներ և այլն. ԼՂՀ սահմանային տարածքներ տեղափոխելու համար ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կենտրոնական սենյակում այսօր կեսօրից առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրում է: Մեր համալսարանի ուսանողները և աշխատակիցները ոգևորությամբ են արձագանքել ՈւԽ նախաձեռնությանը, յուրաքանչյուրը փորձել է իր փոքրիկ աջակցությունը ցուցաբերել ԼՂՀ-ում գտնվող մեր զինվորներին և հայրենակիցներին: Ուսանողները հավաքագրված իրերը խնամքով փաթեթավորում էին, դասդասում:
ՀՊՏՀ վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բուհի ղեկավարության կողմից տրամադրվել է սննդի և ծխախոտի խմբաքանակ, ինչպես նաև փոխադրամիջոց՝ օգնությունը ԼՂՀ հասցնելու համար:
ՈւԽ փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը նշեց, որ մի խումբ ՀՊՏՀ-ականներ այս պահին ԼՂՀ-ում են. նրանք, ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանի գլխավորությամբ, երեկ մեկնել են Արցախի սահմանային հատված՝ սատար կանգնելու զինված ուժերին և տեղի բնակչությանը։
«ՀՊՏՀ-ականներն այսօր արագ արձագանքել են նախաձեռնությանը, հավաքագրվել է առաջին անհրաժեշտության իրերի մեծ խմբաքանակ: Այն անմիջապես կուղարկվի ԼՂՀ, որտեղ մեր ՈւԽ անդամները կստանան և կբաշխեն: Կարևորում ենք նմանօրինակ միջոցառումները, քանի որ այն փոքրիկ աջակցություն է, որով քաջալերում ենք մեր զինվորներին: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նաև մեկնել»,-ասաց ՈւԽ փոխնախագահը: Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ՈւԽ նախագահ Վիգեն Հարությունյանն էլ, շատերի նման այսօր ակտիվորեն մասնակցում էր հավաքագրման աշխատանքներին: Մեզ հետ զրույցում նա պատրաստակամություն հայտնեց միանալու մեր զինվորներին:
ՀՊՏՀ-ականները միասնական են, համախմբված ու պատրաստակամ՝ սատարելու հայ զինվորին:
Թո'ղ Հայոց աշխարհում արշալույսները միշտ խաղաղ բացվեն…
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին